Մոտ երկու ժամ առաջ Ղրղզստանում փակվեցին ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սորոնբայ Ժենեբեկովը, ստանալով ընտրողների ձայների 50 տոկոսը, հաղթում է նախագահի պաշտոնի համար պայքարում: ԿԸՀ տվյալներով՝ երկրորդը գործարար Օմուրբեկ Բաբանովն է:
Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ուշադրությունից կարող էին վրիպել Ղրղզստանի ընտրությունները, սակայն հետսովետական երկրներում այն թերևս միակ ընտրությունն էր, որտեղ նախագահը մեկ անգամից ավելի չառաջադրվեց նախագահի պաշտոնում, այլ փորձեց իր տեղը զիջել նոր կադրերի։ Ի դեպ՝ բոլոր երեք ֆավորիտ համարվող թեկնածուները նախկինում զբաղեցրել էին վարչապետի պաշտոնը, ուստի նրանցից յուրաքանչյուրն էլ կարող էր համարվել Աթամբեկովի պոտենցյալ շարունակող։
Ինչպես արդեն նշեցինք, հետսովետական երկրներում ամեն օր չէ, որ կտեսնես սեփական կամքով իշխանությունը զիջող կամ գոնե առաջին ձեռքից իշխանությունից հրաժարվող քաղաքական գործչի։ Աթամբեկովն, իհարկե, աստծո գառ չէ, սակայն Ղրղզստանի նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, որ սոցիալիզմին ու ժողովրդավարությանն այս պայմաններում որևէ այլընտրանք չկա, ու ինքը մտադիր է գնալ հենց այդ ուղով։ Մահմեդական երկրի ղեկավար լինելով՝ Աթամբեկովը կոշտ քննադատության է ենթարկում իսլամիստական ծայրահեղ մոտեցումները, ահաբեկչությունը՝ համարելով, որ իսլամի ծայրահեղացման գլխավոր պատճառն ինֆորմացիայի պակասն ու կոմպլեքսավորվածությունն է, օրինակ՝ իր երկրում մարդկանց չեն ստիպում մորուք պահել, չհագնել հագուստներ, որոնք արգելված են և այլն։ Այլ կերպ ասած՝ ռեալիզացիան կարևորելը գերակա խնդիր է։
Հետևաբար հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք Սորոնբայ Ժենեբեկովը կկարողանա շարունակել այն քաղաքական գիծը, որը տանում էր արդեն նախկին նախագահը, թե ոչ։ Եզրափակելով թեման՝ արձանագրենք նաև, որ այս քայլով Աթամբաևը, փաստորեն, տրորեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քիթը, ով, ի դեպ, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ քննադատության էր ենթարկել ղրղզական իշխանություններին և, փաստացի, խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Աթամբաևը սրան կտրուկ պատասխան էր տվել ու Նազարբաևին խորհուրդ տվել նման գործելաոճին վերջ տալ։ Ղազախստանի առաջնորդը Աթամբաևին մեղադրել էր իշխանատենչության մեջ, մինչդեռ Աթամբաևը հիշեցրել էր Ղազախստանի նախագահին, որ վերջինս արդեն մեկ քառորդ դար է՝ գտնվում է իշխանության ղեկին ու ավելի լավ է՝ լռի այդպիսի հայտարարություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել