Tert.am-ը գրում է.

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա առճակատումը լուրջ ազդեցություն չի ունենա երկու երկրների հարաբերությունների վրա: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիան ԱՄՆ-ից բավականին շատ զենք է գնում և դրանից միանգամից չի կարող հրաժարվել:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը` որ Թուրքիան ԱՄՆ-ի կարիքը չունի, նշեց․«Էրդողանի այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ռուսաստանի հետ C-400-ի գործարքը կնքելով՝ Թուրքիան փորձում է ցույց տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ կարող է երկընտրանքային տարբերակներ գտնել»:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան, իհարկե, չի կարող սպառնալ ԱՄՆ-ին, միայն փորձում է ցույց տալ, որ այլ ճանապարհով էլ կարող է գնալ: «Ես համոզված եմ, որ Թուրքիան վերջիվերջո  համաձայնության չի էլ գա ռուսական զենքի գնման հարցում: Պարզապես, հիմա հայտարարություններ է անում»,- ասաց նա՝ համոզված լինելով, որ ի վերջո ռազմավարական առումով թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն տուժի:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի կողմից տարվողը պարզապես տակտիկական բնույթի խաղ է, որի նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ին և ընդհանրապես Արևմուտքին, որ նա ուժեղ  է, իր ազդեցությունն ունի:

Դիտարկման հետ, թե տպավորություն է ստեղծվում, որ հիմնականում ԱՄՆ-ի համար է կարևոր Թուրքիայի հետ իր հարաբերությունները պահպանելը, Ռուբեն Սաֆրաստյանը չհամաձայնեց: Մատնանշեց՝ ԱՄՆ-ն այդպես էլ չի կատարում Թուրքիայի՝ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու ցանկությունը: «Արդեն ինչքան ժամանակ է, նրանք դա չեն անում»,- ասաց նա՝ նշելով, որ իրականում ԱՄՆ-ը Թուրքիային ոչ մի հարցում չի զիջում, վերջինս է պարզապես փորձում խաղ խաղալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել