Երկրի պետական անկախությունն ապահովելու նպատակով ազգային վերնախավը պետք է ցանկանա և ունակ լինի ինքնուրույն վերահսկել և ուղղորդել երկրի ներքին կյանքն ու ճշգրիտ պատկերացում ունենա արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացների էության վերաբերյալ: Հայաստանի պարագայում այդ ցանկությունն ու ունակությունը բացակայում են և այդ է պատճառը, որ այստեղ չկա գիտելիքի վրա հիմնված քաղաքականություն վարելու ընդունակ սուբյեկտ՝ պետական ինստիտուտները և կուսակցությունները լավագույն դեպքում կարողանում են կիրառել դրսից ներմուծված կառավարման տեխնոլոգիաներ, սակայն պատկերացում չունեն, թե ինչպես են ստեղծվում դրանք: Փաստ է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի շրջանակներում կամ քաղաքական ուժերից որևէ մեկին առընթեր չկա մի այնպիսի ստորաբաժանում, որը մասնագիտորեն զբաղվի միջազգային քաղաքական գործընթացների ուսումնասիրությամբ, լինի գործունակ և արդյունավետ խորհրդատու համապատասխան պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների համար: Բայց դա չէ ամենավատը՝ նման ստորաբաժանումներ կարող են ստեղծվել: Առավել վատ է այն, որ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն իրենք դրա պահանջը չունեն՝ նրանց համար ավելի ընդունելի է գործված սխալները թշնամական խարդավանքների հետևանք հռչակել, քան հրաժարվել սեփական «քաղաքական քմահաճույքներից» ու ենթարկվել ստույգ գիտելիքի հիման վրա ձևավորվող ու պարտավորեցնող գործելակերպի պահանջներին: Իրապես մարդիկ ներկայով են ապրում՝ ժամանակ ու լուրջ ջանքեր և պարտավորություններ ենթադրող նպատակներից խորշում են, իսկ դրա հետևանքն էլ այն է, որ քաղաքական շամանիզմը սկսում են նույնականցնել քաղաքական մտածողություն կոչվածի հետ: Անկախ պետություն կունենանք միայն այն ժամանակ, երբ կկարողանանք աշխարհին նայել առանց օտարի ձեռքով մեր աչքին դրված ակնոցի, ինքներս մեզ էլ նայենք օտարի աչքով՝ տեսնենք և ընդունենք մեր սեփական արատներն ու փորձենք դրանցից ձերբազատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել