Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների նպատակի, դրանց կարևորության, ՀԱՊԿ-ՆԱՏՕ մրցավազքի և ՀԱՊԿ-ի մրցավազքում ներգրավվելու  հետևանքով Հայաստանին սպառնացող վտանգերի մասին խոսել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, այս օրերին Հայաստանում անցկացվում էին  «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները, որոնք «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում են անցկացվում: Մենք մինչ դրանց սկսելը խոսել էինք դրանց անցկացման նշանակության մասին: Դուք ասել էիք, որ ՀՀ-ում  ՀԱՊԿ-ի զորավարժությունը ցուցադրություն է, որ ՌԴ-ն էլ իր դաշնակիցների հետ կարող է ռազմական խաղերի ծրագիր ունենալ: Հիմա, երբ  զորավարժություններն ավարտվել են, ի՞նչ տպավորություն ունեք դրանցից:

-Դեռ 2015 թվականից Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդգծում էր ՀԱՊԿ ամենամյա զորավարժությունների բնույթը, որն էր՝ օպերատիվ-մարտավարական սցենարները և ներգրավվածությունը դնել ավելի բարձր մակարդակի վրա։ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության խորացումը, Ռուսաստանի ներգրավումը Ուկրաինայի և Սիրիայի հակամարտություններում առաջ քաշեցին նոր առաջնահերթություններ և մարտահրավերներ Մոսկվայի համար, որոնց, ըստ Կրեմլի քաղաքական վերնախավի, ՀԱՊԿ կառույցը նույնպես պետք է համապատասխանաբար մասնակից դառնա և անցնի որոշակի ադապտացիա` որպես ռազմա-քաղաքական դաշինք իր ուրույն դերը խաղալու նպատակով։

Բացի դրանից` նոր խաղաղապահ առաքելությունների իրականացումը` որպես ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելությունների այլընտրանք, Մոսկվայի համար դառնում է ակտուալ։ Հիշենք, որ սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը համարեց արդարացված և ընդունելի Ռուսաստանի համար՝ կարգադրելով երկրի ԱԳՆ պատրաստել համապատասխան փաթեթ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում քննարկելու համար։ Ավելին, Սիրիայի հարցով հունվարին Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի նախաձեռնությամբ կայացած Աստանայի բանակցություններին նույնպես բարձրացվել և երեք երկրների կողմից դրական է գնահատվել Սիրիայի երեք գոտիներում խաղաղապահ առաքելություն իրականացնելու գաղափարը։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ այս ողջ տարվա ընթացքում, պաշտոնական կամ ոչ պաշտոնական մակարդակով հնչել են առաջարկություններ, կոչեր Մոսկովյան տարբեր պաշտոնյաներից ՀԱՊԿ դաշնակիցներին՝ աջակցել կամ ընկերակցել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Սիրիայում։ Այս կիսապաշտոնական առաջարկությունը նպատակ էր հետապնդում հասկանալ ՀԱՊԿ երկրների քաղաքական էլիտաներում տիրող տրամադրությունները։

Հունիսին Վլադիմիր Շամանովը և Թուրքիայի նախագահի խոսնակը նշել էին, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղրղըզստանի ու Ղազախստանի հետ Սիրիայում ռուսական առաքելությանն օժանդակելու ուղղությամբ։ Սակայն վերջերս, և՛ Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովը, և՛ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փաստացիորեն հերքեցին Սիրիայում ներգրավելու որևէ հեռանկար՝ շեշտելով, որ նմանատիպ հարցերը հաստատվում են օրենսդիր մարմնի կողմից և միայն այն դեպքում, երբ խաղաղապահ առաքելությունն իրականացվում է հենց ՄԱԿ-ի հովանու և դրոշի ներքո։ Մյուս կողմից՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայում հնարավոր ՀԱՊԿ ձևաչափի ստեղծումը։

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ անցած տարի հայտարարեց, որ չկա երկրի զինված ստորաբաժանումներ արտերկիր ուղարկելու ցանկություն։ Չնայած սա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանը չի դիտարկում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Սիրիա կամ թեկուզև Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ Ես հակված եմ այն կարծիքին, որ անցկացվող զորավարժանքների ընդհանուր մտահղացման մի մասը հստակորեն համապատասխանում է ՀԱՊԿ հնարավոր առաքելության կատարմանն ու հենց սիրիական անվտանգային միջավայրին մոտ բնույթ ունեցող առաջադրանքների կատարմանը։

Ուստի անցկացվող զորավարժությունների բնույթը, ներգրավված զորամիավորումների տեսակն ու առաջադրանքներն ստեղծում են տպավորություն, որ Ռուսաստանը համենայնդեպս չի բացառում ՀԱՊԿ-ի խաղաղապահ հնարավոր առաքելության խաղաքարտը խաղարկելու հնարավորությունը Սիրիայում և ինչո՞ւ ոչ՝ նաև Ուկրաինայում։

-Վարժանքներին մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել էին  պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնամարտական խնդիրների իրականացմանը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է իրատեսական, որ զորավարժություններին խաղերի տեսքով արվածը կկիրառվի նաև իրականում ՀԱՊԿ-ի դեպքում:

– Ինչպես արդեն նշեցի, Մոսկվայի համար առավել ակտուալ է դառնում մի կարևոր խնդիր առ այն, որ ՀԱՊԿ կառույցը շարունակում է մնալ հիմնականում անվստահելի իր՝ պահը եկած դեպքում արդյունավետ գործադրման և ցուցադրվող հնարավորությունների համատեղ՝ կոլեկտիվ կիրառման առումով։ Ավելին, այն շարունակում է մնալ որպես վարկաբեկված՝ պսեվդո-դաշինքի կերպարանք աշխարհում՝ Ռուսաստանի կողմից ստեղծված և միայն իր շահերը սպասարկող կառույց, որն իր հերթին ձեռք է բերել ռեվիզիոնիստական և ագրեսիվ բնույթ։ Ելնելով այս հանգամանքից` որոշակիորեն արհեստական բնույթ է կրում ՀԱՊԿ-ի` որպես խաղաղապահ առաքելություն իրականացնելու ունակ կառույցի`ՄԱԿ-ի կողմից մանդատ կորզելու հիմնախնդիրը։

Այս բնույթի օրակարգ ՀԱՊԿ շրջանակներում առաջ է քաշվել Դուշամբեի 2015 թ․ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ, երբ կարևորվեց համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը։ Կարևորելով ՀԱՊԿ խաղաղապահ հնարավորությունների ստեղծումը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշամբեում առաջարկեց օգտագործել ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի պատրաստման Կենտրոնը՝ ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման նպատակով։ Նույն տրամաբանության շրջանակներում Ղազախստանն իր հերթին իր խաղաղապահ «ԿազԲատը» զորամիավորումը, որը հայաստանյան բրիգադի պես ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նպատակով Դաշինքի և ԱՄՆ-ի աջակցությամբ ժամանակին ստեղծված կառույց էր, կրեց ինստիտուցիոնալ փոփոխություն։ Արդյունքում՝ «ԿազԲատը» վերաձևավորվեց «ԿազԲրիգ»ի՝ իր մեջ ներառելով ՀԱՊԿ խաղաղապահ գումարտակ։

Այսպիսով՝ եթե «Բաղրամյան» զորավարժարանում իրականացվող տակտիկական սցենարը հիմնականում կենտրոնացած էր ՀԱՊԿ երկրի սահմանը հատող անօրինական զինված խմբավորման արդյունավետ չեզոքացմանը՝ համատեղ ուժերով, ապա Ղազախստանում սպասվելիք զորավարժությունների հաջորդ փուլը կրում է բացահայտ «Սիրիական» մտահղացում, որին մասնակցելու են նաև հայ խաղաղապահները։ Այն ենթադրում է, որ ՀԱՊԿ խաղաղապահներն ուղարկվում են ոչ ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ՄԱԿ-ի խաղաղապահ օպերացիայի շրջանակներում։

Ուստի, զարմանալի չէ, որ ՀԱՊԿ զորավարժությունների բնույթն ու տրամաբանությունը հիմնականում համահունչ է Ռուսաստանի կողմից առաջ քաշված նոր օրակարգին. այն է` հնարավոր խաղաղապահ առաքելություն Ուկրաինայի արևելքում կամ Սիրիայում։ Չնայած որ Ռուսաստանի դաշնակից երկրների ղեկավարությունը, ինչպես նշեցի, այս պահի դրությամբ դրական չեն արտահայտվում Սիրիայում որևէ կերպ ներգրավվելու հեռանկարի մասին։ Միաժամանակ, մի շարք ռուս փորձագետներ և իշխանամետ լրատվամիջոցներ հաճախ մատնացույց են անում այն հանգամանքը, որ Ուկրաինայի հարցում ՀԱՊԿ-ն ունի ընդհանուր մոտեցում։

Ամեն դեպքում, ՀՀ ԶՈւ մասնակցությունը բոլոր տեսակի զորավարժություններին, լինի ՀԱՊԿ, երկկողմանի կամ ՆԱՏՕ, ես կարևոր եմ համարում՝ մարտունակության բարձրացման և փորձի փոխանակման առումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել