2013թ. մարտ-ապրիլ ամիսներին նիդեռլանդական տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին տեղեկությունները երկրի ամենատարեց բնակիչների մասին։
Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին՝ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին դարձավ 106-ամյա Սերոբ Միրզոյանը: Տեղեկությունը Orer.eu-ին հաղորդում է Նիդեռլանդական օրագիրը։

Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում բնակվող Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում, հետագայում բնակվել Իրաքում, ապա 1996թ. տեղափոխվել է Նիդեռլանդներ: Նրա դուստրը՝ Պայծառ Միրզոյանը, հիշում է, թե ինչպես տարիներ առաջ նշեցին հայրիկի 100-ամյակը: Այդ օրն անձամբ քաղաքապետն էր այցելել ու շնորհավորել պարոն Սերոբին, զրուցել, կատակել ու թխվածք ճաշակել հոբելյարի հետ միասին: Այդ ժամանակ շատերն են զարմացել, թե ինչ ակտիվ կյանքով է ապրում Սերոբ Միրզոյանը: Իր բարի ու մարդամոտ հատկանիշներին զուգորդում է հեծանիվ վարելն ու առանց ակնոցի ընթերցանությունը:

Հիմա էլ շատ բան չի փոխվել 106-ամյա Սերոբ Միրզոյանի կյանքում: Նա ինքն է հոգում իր կարիքները՝ լվացվում, հագնվում, սնվում, երբեմն առևտրի գնում: Հաճախ է օրական մեկ հում ձու օգտագործում, ըմպում 50գ օղի: Կարդում է Աստվածաշունչ և ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտություն:

1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն է, ով գլխավորեց հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել է ընդամենը 89 հոգի: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող 100-ից 105 տարեկանների թիվը մոտավորապես 100 է:

Իր երկարակեցության ֆենոմենը այսպես է բացահայտում Սերոբ Միրզոյանը. «Ամեն բան Աստծո ձեռքին է, երբ ուզի հոգին առնե, կառնե»: Մեր հայրենակից Սերոբ Միրզոյանին մաղթենք ամուր առողջություն և բազում տարիների կյանք նիդեռլանդաբնակ երկարակյացների առաջին հորիզոնականում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ամենատարիքով կինը իտալուհի Էմմա Մորանո-Մարթինուզին է, ում 114 տարին կլրանա այս տարվա նոյեմբերին: Աշխարհի ամենաերկարակյաց կինն ու տղամարդը Ճապոնիայից են: Տիկին Միսաո Օկավայի 115 տարին լրացավ անցած ամիս, Իսկ պարոն Կիմուրայի 116 տարին սարերի ետևում չէ, նա սպասում է ապրիլի 19-ին:


Orer.eu

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել