Tert.am-ը գրում է.

«Հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՌԴ-ի`զենք գնելու համար Հայաստանին տրվելիք հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագրին։

 

-Երեկ կառավարության նիստին գաղտնիության պայմաններում հաստատվեց ՌԴ-ի հետ հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագիրը: Հայտնի է, որ այն արտոնյալ է, 3 տոկոսով, սակայն որոշ փորձագետներ արդեն իսկ կասկածի տակ են առնում դրա արտոնյալությունն նշելով՝ մինչև չիմանանք ինչ է ձեռք բերվում, ոչինչ չենք կարող ասել:

 

-Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Լինելով, ըստ իս, միմիայն թղթի վրա՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը` ՌԴ-ն, ուղղակի ցանկանում է իր զինտեխնիկան հնարավորինս շատ իրացնել: Ինչ վերաբերում է վարկի տրամադրման պայմաններին. նախ`15 տարով վարկը միջպետական վարկ է, ոչ թե արտոնյալ պայմաններով, նույնիսկ բիզնես պրոյեկտներում նման պայմաններով վարկերն ու տոկոսներն արտոնյալ չեն համարվում: Չմոռանանք նաև, որ նախապես խոսակցություններ կային, նաև հրապարակումներ եղան, պաշտպանության նախարարի մակարդակով անգամ խոսվեց, որ Հայաստանը պատրաստվում է Չինաստանից կարևորագույն նշանակության զինտեխնիկա ձեռք բերել: Ես չեմ բացառում, որ այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանը Չինաստանից կամ մեկ այլ երկրից զենք ձեռք չբերի, որի վրա, ի դեպ, Ռուսաստանը չէր կարողանա վերահսկողություն ունենալ:

 

Այս գործարքն, իմ գնահատմամբ, ռուսական հերթական բիզնես պրոյեկտն է՝ նրանց նպատակն իրենց զինտեխնիկան իրացնելն, այդ խնդիրն այսօր Ռուսաստանն ունի, և երկրորդն ու ամենակարևորը՝ սահմանափակել երրորդ կողմից Հայաստանի`զենք ձեռք բերելու իրավունքը, որի նպատակային գործածման և տեղաշարժի վրա, իրենք չեն կարողանա օրենքով վերահսկողություն իրացնել:

 

Այնպես որ, այս վարկը, որը ձևակերպվում է իբրև արտոնյալ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդպիսին չէ, և Հայաստանին ձեռնտու լինելու հանգամանքը  խիստ կասկածելի է: Այնուհանդերձ, լիարժեք գնահատելու համար այս գործարքը, բնականաբար, պետք է իմանալ, թե ինչ է մատակարարվելու:

 

-ԱՄՆ դեսպանը երեկ  Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ  պայքարի շրջանակում խոսեց Հայաստանին հավելյալ գումար տրամադրելու մասին: Սրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել: Նաև այն խոսակցությունների համատեքստում, որ Թրամփը քաղաքականություն է փոխում, կատարում է իր նախընտրական ծրագրերը, Հայաստանին, Վրաստանին տրվող օգնությունները կրճատվում են, և այս ֆոնին` նման հայտարարություն:

 

-Նախևառաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շատ կարևոր հայտարարություն արեց` նշելով, որ հաջորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին հատկացվելիք գումարներն աճելու են: Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքերն ավելացնում է՝ ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ կրճատվում է ֆինանսական աջակցությունը: Այսինքն` քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներից հնչող բոլոր այն խոսակցությունները, թե ԱՄՆ նոր կառավարության համար մեր տարածաշրջանը կարևոր չէ, որ աստիճանաբար տարածաշրջանը ԱՄՆ նոր վարչակազմի համար կորցնում է իր հետաքրքրությունը` տեղին չեն։ Ընդհակառակը` նաև դեսպանի այս հայտարարությունը վկայում է, որ հետաքրքրությունն աճում է և զուտ բալանսավորման առումով, սա շատ կարևոր է Հայաստանի համար:

 

Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, բնականաբար, մենք լուրջ խնդիրներ ունենք, և, ցավոք, Հայաստանում անգամ բավարար մակարդակի պայքար չկա կոռուպցիայի դեմ: Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որտեղ կոռուպցիայի ուղղակի վերացման կամ նվազեցման ակնհայտ ցուցիչներ ունենանք: Բայց այն խնդիրը, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված նաև միջազգային օգնություն է պետք՝ և՛ ֆինանսական, և՛ մեթոդաբանական` ուղղակի ակնառու է և այդ առումով, կարծում եմ, կարևոր է նաև ԱՄՆ ներդրումն հակակոռուպցիոն ծրագրերում: Բայց նորից եմ կրկնում, այդ ինստիտուտը Հայաստանում այս պահի դրությամբ  չի գործում, կառավարությունում գործող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը խիստ վերանայման կարիք ունի: Բառացիորեն,  նոր մոդել է պետք է, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց ունենանք:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել