Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:


Ըստ կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։


Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք են հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ:


Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը: 


Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել:


Մասնավորապես՝ ընդունվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել