«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում:

Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ: Դեռևս 2015 թվականին այս մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ՃԵԿ կանոնները խախտելու համար վերջապես ե՞րբ են տուգանվելու այլ, մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները:

Նա պատասխանեց, թե «...հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»: Ըստ նրա՝ մինչև տարեվերջ խնդիրը կկարգավորվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել