Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդն անդրադառնում է Վրաստանի կողմից Հայաստանի դեսպանի ագրեմանի ձգձգման վերաբերյալ վրացական լրատվամիջոցների մեկնաբանություններին: Նա նշեց, որ գործող դեսպանը և նախկին բոլոր դեսպաններն իրենց «աղյուսն» են դրել, իր ձևակերպմամբ՝ հայ-վրացական բարեկամության պարսպի մեջ: Իսկ Յուրի Վարդանյանը, նրա խոսքով, Վրաստանում Հայաստանի համար շատ բաներ է արել, որոնց մասին, սակայն, չպետք է բարձրաձայնել:

-Պարո՛ն Բայբուրդ, Վրաստանում ՀՀ դեսպանի հնարավոր թեկնածու Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը ձգձգվում է, և լռությունը գնալով ավելի ծանր է դառնում: Հայկական մամուլի հիմնական վարկածն է, որ Սերգեյ Մինասյանը, ՌԴ «մարդ» լինելով, Վրաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է:

-Ես կարող եմ ասել՝ ինչ է գրվում վրացական մամուլում և ինչ են խոսում այստեղի վերլուծաբանները, որ եթե մինչ այս Հայաստանը ներկայացրել են ակնառու դիվանագետներ, քաղաքական գործիչներ և այլն, ապա սա առաջին անգամն է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչին են ուղարկում: Ես Վրաստանում երկար տարիներ ապրել եմ՝ ՀՀ բոլոր դեսպաններն ունեցել են իրենց աղյուսը հայ-վրացական մեծ պարսպի մեջ, այդ թվում՝  Յուրի Վարդանյանը, առաջին դեսպան Լևոն Խաչատրյանը, դեսպան Խոսրոևը, ապա՝ Սիլվանյանը, Մանուկյանը, որը ակնառու դարձրեց, թե ինչ է նշանակում Վրաստանի նման կարևոր երկրում լինել դեսպան, հետո գալ, դառնալ նախարար: Այսինքն՝ Վրաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է: Եվ երևի թե Վրաստանն էլ կարծում է, որ դիվանագետները պետք է մեծ փորձ ունենան: Իմ կարծիքով՝ վրացիները մտածում են՝ «մենք ուրեմն Հայաստանի համար այդքան կարևոր երկիր չե՞նք, որ ինչ-որ երկրորդական քաղաքագետի են ուղարկում, այն էլ նկատված ինչ-որ հարցերում»:

-Ի՞նչ հարցերում:

-Ինչպես ես եմ մտածում՝ Ջավախքի հետ կապված ինչ-որ հարցերում: Ինքը աշխատություններ ունի, որոնք տպագրվել են: Առհասարակ Հայաստանում ինչպե՞ս կվերաբերվեին, եթե իր ագրեմանը ներկայացներ հայերի համար ցավոտ խնդիրներում նկատված ինչ-որ դեսպան:

-Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում՝ Սերգեյ Մինասյանի ագրեմանը մերժվա՞ծ է:

- Ես դիվանագետ չեմ, դիվանագիտական կրթություն չունեմ, բայց գիտեմ, որ դիվանագիտության մեջ կա չգրված օրենք՝ եթե 3-4 ամիս չեն պատասխանում, ագրեմանը ներկայացնող երկիրը պետք է հասկանա, որ մերժված է, որովհետև դիվանագիտության մեջ մերժում, որ այս մեկին չենք ուզում, գոյություն չունի: Ուղղակի լռում են, անցնում է 3-4 ամիս ու պարզ է դառնում, որ մերժված է: Եվ պետք է ասեմ, որ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀՀ դեսպաններից մեկին էլ 3-4 ամիս հետո տվեցին ագրեմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել