Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ հայկական վերլուծական շրջանակներում հաճախ խոսվում է այն մասին, որ եթե նախագահները հանդիպեն, ապա Ադրբեջանին, այսպես ասած, կհաջողվի ցրել Սանկտ-Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածություններն ու արդեն բուն բանակցություններ վարել ԼՂՀ հարցի վերաբերյալ։ Այժմ, երբ, փաստացի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Սարգսյանն ու Ալիևը հանդիպելու են, այդ կարծիքներն ավելի շատացան, որովհետև եթե հանդիպում են, պարզ է՝ խոսելու են Ղարաբաղից, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը տեսականորեն խուսափում է պայմանավորվածությունները կատարելուց։ Առաջին հայացքից իրոք այդպես է։ Հայաստանը հետ է կանգնում իր նախնական դիրքորոշումից։ Սակայն, մեծ հաշվով, եթե բանակցություններ տեղի չունենան, ապա այս կամ այն կերպով այդ կոնֆլիկտն արտահայտվելու է ու գուցե ռազմական գործողությունների տեսքով։ Ադրբեջանի համար այս ձեռագիրը նոր չէ, ու նա ունակ է սահմանին նորից սադրելու։ Դա, իհարկե, չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն կերպ աչք փակի ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, ու արդեն, օրինակ, Ժնևում Սարգսյանը կարող է պնդել հենց այդ կետի վրա։ Եվ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում պետք է լինի ոչ թե բանակցություն ԼՂՀ հարցի շուրջ, այլ բանակցություն պետերբուրգյան պայմանավորվածությունները սկսելու վերաբերյալ, որովհետև պարզ է, որ եթե բանակցություններից Հայաստանը հրաժարվի, ապա կհայտնվի միջազգային ճնշման տակ, իսկ դա ձեռնտու չէ հայկական կողմին։ Այնպես որ, անհրաժեշտ է ճնշում գործադրել հարևան երկրի վրա իր իսկ զենքով, եթե պետք է, նաև զոռբայությամբ, որովետև Ադրբեջանը քանի որդեգրել է նման դիրքորոշում, վստահաբար կարող ենք ասել՝ հայկական կողմը և ոչ մի վայրկյան իրավունք չունի թուլացնելու զգոնությունը թե՛ սահմանում, թե՛ դրա սահմաններից ներս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել