Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ պատերազմ, երբ ալիևյան կլանն իշխանությունը կորցնելու վտանգի առջև կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի համար կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ՝ բանակցություններ ու պատերազմ, բայց բանակցություններում Ալիևը որդեգրել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, իսկ ռազմական ճակատում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հաջողության չեն հասնում: Նա նշեց, որ Ղարաբաղն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, ավելի մոտ՝ քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը:

- Արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա կարո՞ղ են ազդել Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրա շուրջ միջազգային հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ տեղի ունեցող փոփոխությունները:

- Ոչ: Թվում է, որ կա միջազգային օրենք, միջազգային մեխանիզմ, որով ճանաչվում են նոր պետությունները, բայց այդպես չէ: 2008թ.-ին Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին` խնդրելով, որ միջազգային դատարանը կարծիք հայտնի` արդյոք կարո՞ղ է Կոսովոյի ժողովուրդն առանց հանրաքվեի անցկացման միակողմանի հայտարարել, որ անկախ պետություն է իրեն հռչակում: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ասաց, որ կարող է։ Ամեն ինչ արվեց, որ Կոսովոն չդիտարկվի որպես նախադեպ: Մինչև միջազգային դատարան դիմելը Կոսովոն ճանաչվել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ կողմից, և տարօրինակ կլիներ, որ միջազգային դատարանը եզրակացներ, որ Կոսովոյի ժողովուրդը անկախություն հռչակելու իրավունք չունի: Հետաքրքիրն այն է, որ երբ Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին, Իսպանիան կողմ էր, որ միջազգային դատարանը եզրակացություն աներ Կոսովոյի վերաբերյալ:

Կոսովոյի մասին միջազգային դատարանի հիմնավորումը կարդալիս կարելի է համոզվել, որ Ղարաբաղն ավելի մոտ է կանգնած անկախության հռչակումը ընդունելու վերաբերյալ նրանց տված չափանիշներին: Ղարաբաղը ոչ միայն մոտ է անկախության ճանաչման նրանց տեսակետին, ավելին՝ անկախության հանրաքվե է անցկացրել, ունի պետական ինստիտուտներ: Համոզված եմ, որ անկախության ճանաչման միջազգային ընդհանուր մեխանիզմ չկա, կա քաղաքական կամք, կան մեծ խաղացողների շահեր:

Միջազգային դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ Սերբիան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ է իրականացրել և Կոսովոն ունի անկախանալու իրավունք: Իսկ Ղարաբաղի խնդիրը Կոսովոյից շուտ է առաջացել, բայց միջազգային հանրության դիրքորոշումն այլ է: Լինի Քրդստանը, Կատալոնիան կամ մեկ այլ տարածաշրջան, որը ցանկանում է անկախանալ, ուզում է, որ անկախությունը ճանաչվի, ապա պետք է «հովանավոր» ունենա: Երկու շաբաթ առաջ Հայաստանում մեծ ոգևորություն կար, ասում էին, որ Կատալոնիայի անկախությունը կճանաչվի, դա ազդեցություն կունենա Ղարաբաղի վրա, բայց մենք պետք է ռեալ մոտենանք այս հարցին: Իհարկե, լավ կլիներ, որ նրանց անկախությունը ճանաչվեր, բայց դա, ինչպես անգլերենում են ասում՝ wishfull thinking հարթության մեջ է, այսինքն՝ ցանկալին ընդունում ես որպես իրականություն:

- Եթե Ղարաբաղն այդքան մոտ է անկախության ճանաչման միջազգային չափանիշներին, և անգամ ավելին է, քան այդ միջազգային չափանիշներով ճանաչված Հարավային Սուդանն ու Կոսովոն, ի՞նչն է այդ դեպքում խանգարում միջազգային հանրությանը ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

- Այո, Ղարաբաղն ավելի մոտ է անկախության ճանաչման սկզբունքներին և ավելին, որովհետև Ղարաբաղն արդեն կայացած պետություն է: Բայց Ղարաբաղը չի ճանաչվում, որովհետև կա մեծ խաղացողների շահերի կոնֆիգուրացիա: Երեք մեծ խաղացողների շահերը՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Ղարաբաղի պարագայում ինչ-որ չափով համընկնում են, նրանք չեն ուզում, որ պատերազմ լինի, ուզում են, որ տարածաշրջանը խաղաղ լինի, կայուն լինի, միաժամանակ չեն ուզում աջակցել հակամարտության կողմերից մեկին, որպեսզի մյուսը չդառնա «տուժած»: Իսկ պատճառն այն է, որ ունեն մի շարք շահեր:

- Երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ գերտերությունները չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նրանք պատասխան հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ չի ճանաչում Հայաստանը:

- Կա երկու պատճառ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Առաջինն այն է, որ դրանից հետո, չեմ կարծում, որ կսկսվի ճանաչման լայնածավալ փուլ և  մի շարք պետություններ անմիջապես հետո կճանաչեն ԼՂ անկախությունը: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դուրս կմնա բանակցային գործընթացից, իսկ դա կմեծացնի լայնածավալ պատերազմի հավանականությունը: Պատերազմը ոչ միայն գերտերությունների շահերից չի բխում, այլև՝ մեր:

Ո՞րն է մեզ համար ավելի կարևոր, որ Ղարաբաղը կայացած պետությո՞ւն է, թե՞ որ մյուս պետությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչվեր, բայց ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ավելի հզորանա: Այդ պարագայում մնացածը կդառնա ժամանակի հարց և անգամ կգա մի պահ, երբ Ադրբեջանին դժվար կլինի չընդունել Ղարաբաղի անկախությունը: Կատալոնիան հազար կապերով կապված է Մադրիդի հետ: Իսպանիային միլիոնավոր դոլարներ բերող ֆուտբոլային ակումբը որտե՞ղ է խաղալու՝ իսպանական լիգայո՞ւմ, թե՞ առանձին միավոր կդառնա: Իսկ Ղարաբաղը Բաքվի հետ որևէ կապերով շղթայված չէ, 25 տարի է` անկախ է, առաջին հերթին` Ղարաբաղը անկախ է Ադրբեջանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել