2009-ին հոկտեմբերին ռոք երաժշտության լեգենդ, աշխարհահռչակ բրիտանական Uriah Heep ռոք-խումբը նշեց իր 40-ամյակը և թողարկեց Celebration ալբոմը, որտեղ հավաքված էին նրանց բոլոր լավագույն երգերը: Այս թողարկումը նոր խթան և ստեղծագործական նոր փուլի սկիզբ դարձավ խմբի համար, որից հետո Uriah Heep-ը համերգներ տվեց աշխարհի մի քանի տասնյակ երկրներում: Խմբի երաժիշտների նշանաբանը դարձավ՝ «Եթե մարդիկ չեն կարողանում գալ ու լսել մեր երաժշտությունը, ապա մենք ենք տանում դա նրանց»:

Ուշագրավ է, որ այդ նոր շարքի առաջին համերգը տեղի ունեցավ Հայաստանում՝ Երևանի Մարզահամերգային համալիրում, 2009 թվականի հոկտեմբերին: Հայաստան գալու հրավեր ստանալուց հետո ռոք-խմբի անդամները երկար չէին մտածել և միանգամից պատրաստակամ ընդունել էին այն: Ճիշտ է, Uriah Heep-ի այս շարքի համերգներին չէր մասնակցում մեր սերնդի կուռք, մեծագույն ռոք-երաժիշտ Կեն Հենսլին՝ փաստացի խմբի բոլոր դասական հիթերի հեղինակը, սակայն հայտնի փաստ է, որ նա վաղուց արդեն դադարել է մասնակցել համերգային շրջագայություններին: Երևանյան համերգից հետո, որին բախտ ունեցանք ներկա լինել նաև մենք, երաժիշտները նշել էին, որ դա անկրկնելի համերգ էր՝ վառ ներկայացմամբ, հիանալի ակուստիկայով և հզոր լսարանի աջակցությամբ:

Այդ ամենից հետո Uriah Heep-ը որոշեց Երևանում կայացած և միանշանակ հաջողված համերգի ձայնագրության հիման վրա առանձին ալբոմ պատրաստել և կոչել այն Live in Armenia («Կենդանի ձայն Հայաստանում»): Երկու CD-ով ալբոմը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերին և ներառեց իր մեջ 15 երգ՝ հին ու նոր սիրված հիթեր:
Live in Armenia ալբոմը ներկայացնող տեսահոլովակը՝ այստեղ.

Image may contain: cloud, ocean, sky, outdoor and water

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել