Հայաստանում հոկտեմբերի 12-ը նշում են որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` «Ծխախոտի դեմ պայքարի» ԱՀԿ կոնվենցիայով օրենսդրությանը վերաբերող պահանջներն ապահովելու նպատակով մշակվել և օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%-ով կրճատելն է։ Այժմ ձևավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։ Մոտ օրերս ռեֆորմի շրջանակներում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային Հայաստանը միացավ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին: 2008-ից ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: ՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը: Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել