Աշխարհահռչակ երաժիշտ Մոցարտը, ով ապրեց ընդամենը 36 տարի, կենդանության օրոք հասցրեց գրել մոտ 600 ստեղծագործություն։ Հանճարեղ ավստրիացու մոտ երաժշտական ընդունակություններն ի հայտ են գալիս, երբ նա 3 տարեկան էր։ Մոցարտի հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը, հայտնի մանկավարժ էր, ով ոչինչ չի խնայում և երաժշտական ուսման է տալիս իր մանկահասակ տղային։

Ուսման հետ մեկտեղ Մոցարտը ճամփորդում է Եվրոպայում, լինում է Մյունխենում, Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում և Հոլանդիայում։ Եվրոպական ամեն մի քաղաք յուրովի էր ընդունում «հրաշամանուկին»։

Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։ Եվրոպայում ստացած գիտելիքների ու բնատուր հանճարի շնորհիվ 17-ամյա Մոցարտն արդեն գրել էր 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։

Սակայն այս փայլուն նվաճումների հետ մեկտեղ հանճարեղ ավստրիացու կենսագրության մեջ կան մութ ու մռայլ էջեր ևս։ Գաղտնիք չէ, որ երաժիշտը շատ հաճախ ապրել է ֆինանսական ծանր պայմաններում։ 1774 թվականին նա Ապենինյան թերակղզում էր։ Իտալիայում Մոցարտը չկարողացավ ապրել, քանի որ աշխատանք չգտավ իրեն։

Հետո վերադառնում է Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Զալցբուրգ քաղաքը, սակայն երաժիշտն այնտեղ էլ չի կարողանում հաստատվել, քանի որ այդ ժամանակաշրջանում Զալցբուրգի տիրակալն էր ժլատ արքեպիսկոպոս Կոլորեդոն, ով շատ հաճախ ցավ էր պատճառում Մոցարտին՝ վերջինիս ծառայի պես վերաբերվելով։

Երբեմն բանը հասնում էր նրան, որ Մոցարտին թույլատրում էին սեղան նստել միայն սպասարկող անձնակազմի հետ։ Կոլորեդոն նաև ամեն գնով խոչընդոտում էր Մոցարտի նոր ծանոթություններին այլ իշխանավորների և պոտենցյալ հովանավորներ հետ։

1778 թվականին Մոցարտը տեղափոխվում է Փարիզ։ Սկսվում են Մոցարտի կյանքի ամենավատ տարիները։ Փարիզում էր նաև երաժշտի մայրը։ Մոցարտը քիչ էր ստեղծագործում ու շատ հաճախ օրն անցկացնում էր միայնության մեջ։ Նա ատում էր Ֆրանսիան, Փարիզը, Փարիզի արիստոկրատներին, փարիզցիներին և, ընդհանրապես, ամենքին: Այս ամենին գումարվում է մոր մահը, որը քայքայում է հանճարի հոգեկան աշխարհը։

Մոցարտի համար ցավալի էր ոչ միայն մոր կորուստը, այլ նաև այն, որ իր հարազատ մորը թաղելու է օտար երկրում։ Բայց դրա հետ մեկտեղ նա չուներ նաև նյութական միջոցներ, որ կազմակերպեր թաղման արարողությունը։ Իր կյանքի մռայլ ժամին Մոցարտը նամակ է գրում Զալցբուրգ՝ աբբա Բուլինգերին՝ ընտանիքի բարեկամին, խնդրանքով, որ վերջինս պատրաստի Մոցարտի հորը կնոջ մահվան լուրին:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նամակը պահվում է Հայաստանում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Երևանի Եղիշե Չարենցի թանգարանում պահվող Մոցարտի նամակի բնօրինակը

Այդ նամակի բնօրինակը եղել է հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովի մոտ, ով ունեցել է հայտնի մարդկանց նամակների շատ մեծ հավաքածու ու Մոցարտի նամակը նվիրել է թանգարանին։ Նամակը գրվել է 1778 թվականի հուլիսի 4-ին։

Նամակում Մոցարտը գրում է․

«Սգացեք ինձ հետ, իմ ընկեր, սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրը այլևս չկա»:

Սա ծավալուն նամակից մեկ հատված է, որտեղ երաժիշտը ներկայացնում է իր ամբողջ վիշտն ու մտահոգությունը։

Փարիզում անցկացրած մռայլ տարիներից հետո նա գնում է Հռոմ, Պրահա, Վիեննա, որտեղ կարողանում է աշխատել ու մի փոքր ապահովել իրեն, սակայն վրա է հասնում 1791 թ. դեկտեմբերի 5-ը, և 36 տարեկանում մահանում է ավստրիացի հանճարը՝ Մոցարտը։

Կա վարկած, համաձայն որի՝ մահվան պատճառ եղել է երիկամային վարակը։

Ոմանք նրա մահը կապում են ռեքվիեմի սևազգեստ պատվիրատուի հետ, քանի որ այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր, իսկ այդ աշխատանքն ամբողջովին հյուծեց նրան։ «Ռեքվիեմ» (KV 626)-ն անավարտ մնաց։

Նրա վերջին ավարտուն ստեղծագործությունը «Կախարդական սրինգը» օպերան է, որն էլ մինչ օրս շարունակում է մնալ դասական երաժշտության գլուխգործոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել