Panorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, 2018 թ-ին նախատեսվող ծրագրերի թվում մատնանշեց Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ տարեկան մինչև 2 % տոկոսադրույքով, մինչև 7 տարի մարման ժամկետով:

Նախարարի խոսքով՝  Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագրով էլ  գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով տարեկան, 3 տարի մարման ժամկետով վարկեր, իսկ  Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրով՝ մինչև 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին  պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում 5% տարեկան տոկոսադրույքով:

Նախարարը նաև նշեց, որ այս ծրագրերն ուղղված են գյուղացիական տնտեսությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:

Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում  Հայաստանի ագրարային բնագավառում նախատեսվող 120 մլն դոլար ներդրումներից արդեն իրականացվել է 50 միլիոն դոլարի ներդրում, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև վերամշակող ընկերությունների և անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Նախարարի խոսքով` KfW բանկի հետ համատեղ այժմ քայլեր են ձեռնարկվում նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել անասնաբուժական ծառայությունների մատուցումը:
   
Ի.Առաքելյանն իր խոսքում ընդգծել է մասնագիտական կրթության և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման կարևորությունը:  Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվել են բաց  մրցույթներ, որոնց  դիմելու հնարավորություն ունեն ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր մասնագետները:
Նախարարն անդրադարձ կատարեց նաև պարենային անվտանգության ապահովման, տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման անհրաժեշտությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել