Tert.am-ը գրում է.

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսվի լայնածավալ պատերազմ, ապա Բելառուսն, ամենայն հավանականությամբ, կողքի կկանգնի՝ հայտարարելով, որ խաղաղության կողմնակից է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բելառուսցի քաղաքական փորձագետ Յուրի Դրակախրուստը: Քաղաքագետը նշեց, որ Բելառուսն ու Ադրբեջանը տնտեսապես իրարից օգուտներ ունեն, իսկ Հայաստանը Բելառուսից հեռու է աշխարհագրորեն, տնտեսապես: Դրակախրուստն ասաց, որ Ռուսաստանն էլ դեմ չէ Մինսկ-Բաքու համագործակցությանը, այլապես՝ Պուտինը ճնշումներ կբանեցներ Լուկաշենկոյի նկատմամբ:

- Օրերս Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների համար չի ուզում արդարանալ որևէ մեկի առաջ: Ո՞ւմ նկատի ունի Լուկաշենկոն, ինչո՞ւ է նման հայտարարություն անում:

- Այն, որ Լուկաշենկոն ընտրեց արտահայտվելու նման ձևաչափ, ասաց, որ արդարանալու կարիք չի զգում Ադրբեջանի հետ համագործակցելու հարցում, նշանակում է, որ նա ճնշումների տակ է, որ գուցե փակ դռների հետևում նա մեկի առաջ ստիպված է արդարանալ: Կարծում եմ՝ դժվար չէ գուշակել, թե ում առաջ է արդարանում Լուկաշենկոն: Երևանը որոշակի ճնշումներ է գործադրում Մինսկի նկատմամբ, բայց, մյուս կողմից, Բելառուսի պաշտոնական քաղաքականությունը, հռետորաբանությունը վկայությունն են նրա, որ Մինսկը չի պատրաստվում ընկճվել այդ ճնշումներից:

Գաղտնիք չէ, որ Բելառուսը տնտեսական, ռազմաքաղաքական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, բայց այն ուղղված չէ Հայաստանի դեմ, այդ համագործակցությունն այլընտրանք չէ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, Լուկաշենկոն պարզապես տնտեսական «ազատ որսի» կողմնակից է՝ ով շատ կվճարի նրա, հետ էլ կհամագործակցի: Բաքվի հետ աշխատելը շահավետ է՝ Ադրբեջանում փող կա, նավթ կա, եթե Ալիևը Մինսկին նավթ է տալիս, Լուկաշենկոն էլ դրա դիմաց զենք է տալիս:

- Իսկ ո՞ւմ դեմ է Ալիևն օգտագործելու Բելառուսի վաճառած զենքը:

- Ինչպես ասում են՝ up to you, ինչպես կստացվի, Մինսկը Բաքվին հատուկ չի վաճառում այդ զենքը, որ Բաքուն հարվածի Հայաստանին, որևէ հատուկ բան չի արվում, բիզնես է: Չեմ կարծում, որ Լուկաշենկոն Հայաստանի դիրքորոշումը ի գիտություն կընդունի: Իր հերթին Մոսկվան էլ Մինսկի նկատմամբ ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի հետ համագործակցության հարցում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը Բելառուսի համար հավասարազոր գործընկերներ են:

- Գաղտնիք չէ, որ Բելառուսն ու Ռուսաստանը փոքր-ինչ լարված հարաբերություններ ունեն: Չե՞ք կարծում, որ ադրբեջանա-բելառուսական համագործակցությունը որոշ չափով Ռուսաստանի դեմ է, Լուկաշենկոն ուզում է ցույց տալ, որ կախված չէ Պուտինից:

- Չեմ կարծում: Ռուսաստանը ինքն է կանգնած Բաքվի ու Երևանի միջև, Ռուսաստանն ինքն է «կոորդինացնում» Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Այս պարագայում ասել, որ Ռուսաստանը պատի պես կանգնած է Հայաստանի բոլոր հետաքրքրությունների օգտին, այդպես չէ: Այո, ՌԴ-ն Հայաստանի համար անվտանգության երաշխավոր է, և եթե լինի լայնամասշտաբ պատերազմ, ապա ՌԴ-ն թույլ չի տա Ադրբեջանին փոխել տարածաշրջանում ուժային բալանսը ու կկանգնի Հայաստանի կողքին, բայց սրանից դուրս Ռուսաստանը շահեր ունի Ադրբեջանից՝ նավթ, գազ, փող, տնտեսական շահեր:

Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն իրեն Հայաստանի նկատմամբ կպահի այնպես, ինչպես ԱՄՆ-ն՝ Իսրայելի նկատմամբ: Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն է, տեսնում է նաև Մինսկը։ Լուկաշենկոն գիտի, որ Ռուսաստանը մի շարք հարցերում Հայաստանի կողմից է, բայց Ռուսաստանի կապը Հայաստանին այնքան մեծ չէ, որ ՌԴ-ն Բելառուսին ասի`Բաքվի հետ մի շփվիր, միայն Հայաստանի հետ շփվիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել