Իսպանիան Կատալոնիայի ղեկավարությունից պահանջում է պարզաբանել, թե ինչ է նշանակում անկախության հռչակագիրը, որը նախօրեին ստորագրել են տարածաշրջանի իշխանությունները։

«Իսպանիայի կառավարությունը կատալոնական կառավարությունից խնդրում է պարզաբանել՝ արդյոք հայտարարվե՞լ է անկախություն, թե՞ ոչ»,- հայտարարել է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյը։

Նա ընդգծել է, որ հարցի պարզաբանումն անհրաժեշտ է Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու համար, որը Մադրիդին հնարավորություն կտա կասեցնելու Կատալոնիայի ինքնակառավարումը։

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը երեքշաբթի կատալոնական իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ ստորագրել է Իսպանիայից տարածաշրջանի անկախության մասին հռչակագիրը։

Ակնկալվում է, որ Կատալոնիայի անկախության հռչակագիրը կդրվի քվեարկության, եթե Մադրիդի հետ ինքնավարության իշխանության բանակցություններն ավարտվեն անարդյունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել