Yerkir.am-ը գրում է.

Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց` արդյոք նոր ծրագրով ուսման ընդհատումը երեք տարով զինվորական ծառայություն անցնելուց համար խոչընդոտ չի առաջացնի հետագա մասնագիտական պատրաստվածության համար:

«Հնարավոր չէ՞, որ դա խթանի արտագաղթը, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել»,-հարցրեց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե նախ պետք է խոսել, թե որոշ ուսանողների համար տարկետումն ինչ արդյունավետություն է ունեցել: Ըստ նախարարի՝ տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, և մի քանի տոկոսն է ստանում իրավունք ուսումը շարունակելու, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, ընտրովի և այլն:

«Տեսեք՝ շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյոք Պաշտպանության նախարարը ծառայել է, թե ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն: Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ պրակտիկան աշխարհում կա, և առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, երբ ներկայացնում են տեղեկանք, որ ինքն ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում և դրանից հետո վերադառնում, սովորում են: Ինչ վերաբերում է դիտարկմանը` արտագաղթի խթանմանը կնպաստի, նախարարը հայտարարեց.«Ես շատ պարզ ու հստակ մոտեցում ունեմ այդ հարցին, մեր երկրի իրողությունը և մեր ազգ–բանակ լինելու մարտահրավերը բացարձակ չեմ կապում և խնդրում եմ չկապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

Մեր երկրի աշխարհագրությունն ու քաղաքականությունը, մեր ժողովդրի հազարամյա պատմությունն իր վայրիվերումներով մեզ պետք է սովորեցրած լինի,անկախ նրանից՝ այսօր ինչ մարտահրավեր ունենք, որպես ազգ պետք է ունենանք մասնակցության այն մակարդակը, որ ամենադժվար պահերին կարողանանք համախմբել և լուծել: Ազգ-բանակը տակտիկական հարց չէ ղարաբաղյան հարցը լուծելու, դա ուղղակի ժողովրդի մոբիլիզացվածություն ապահովելն է: Դա բեռ է, մի կողմից, բայց ես կարծում եմ, որ ցանկացած բեռ կարող է դառնալ խթանիչ ուժ, եթե կյանքը պարտադրել է, պետք է սովորենք առավելություն դարձնել, ոչ թե նվնվանք, թե ինչու մեր տղաները պետք է երկու տարի ծառայեն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել