Նախագահականից մամլո հաղորդագրություն տարածվեց՝ այսօր Սոչիում կայանալիք ԱՊՀ նախագահների հանդիպմանն ընդառաջ։ Հայտարարությունն այն մասին էր, որ, մեծ հաշվով, ակնկալիքներ այդ հանդիպումից չպետք է ունենալ, և այս՝ վաղուց իրեն սպառած հանդիպումների միակ ինտրիգն այն է, որ այնտեղ ներկա են գտնվելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Ալիևը նախորդ օրը Բաքվում խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դառնալ չի կարող ու բանակցությունների վերսկսումը դրա վառ ապացույցն է։ Հիշեցնենք, որ ապրիլյան դեպքերից հետո Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված համաձայնություններն այդպես էլ չեն կատարվել, որոնք հանձն էր առել Ադրբեջանը։ Եվ այժմ նա փորձում է իր հասարակության համար տպավորություն ստեղծել, որ, անկախ այդ պայմանավորվածություններից, Ադրբեջանը Հայաստանին բանակցություններ է պարտադրել։ Սովորաբար հայկական կողմը բավականին մեղմ է անդրադառնում Բաքվի զրպարտանքներին, սակայն այս անգամ նախագահականից հանդիպմանն ընդառաջ բավականին կոշտ արձագանքեցին, ինչը մինիմալի է հասցնում այն պատկերացումները, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի միջև կարող են տեղի ունենալ բանակցություններ։ Նրանք, իհարկե, կարող են հանդիպել, սակայն դժվար է ասել, թե այսպիսի դիրքորոշումից հետո ինչ պետք է խոսեն կողմերը։ Այնպես որ, սա շատ ավելի հավանական է դարձնում կոնֆլիկտի՝ ռազմական տեսանկյունից դրևսորումը, որը սովորաբար տեղի է ունենում, երբ հանդիպում է նախատեսվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Մեր կողմից ավելացնենք, որ հայկական կողմի դիրքորոշումը թե՛ հանդիպումներից առաջ ու թե՛ հետո պետք է դառնա ավելի կոշտ։ Այսօր արդեն պարզ է, որ պաշտոնական Բաքուն իսկապես հավատում է, որ ապրիլյան դեպքերի ժամանակ հաջողություններ է արձանագրել, և այդ հաջողությունները կարող են լինել շարունակական։ Ռազմական գործողությունների նոր զարգացումների պարագայում հայկական կողմին ոչինչ այլևս չի մնա անել, քան խորանալ Ադրբեջանի տարածքներ ևս 5-10 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել