Yerkir.am-ը գրում է.

Երեկ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված` ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը Արմավիրի մարզից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում զինծառայողին ճանաչողները հայտնեցին, որ Չապլինն առավել հայտնի է եղել Կարեն անունով: Այդ անունով է նաև գրանցված սոցիալական ցանցի իր էջում: «Մեր տարածաշրջանում բոլորը ճանաչում էին նրան, մեծ ու փոքր` բոլորը հարգում էին,: Նա միշտ ժպիտով էր, ինչ էլ եղած լիներ, միշտ ժպտում էր, ցավը ժպիտի տակ էր պահում: Դասարանի ժպիտն էր, հենց դուռը բացում էր, բոլորս՝ ուսուցիչ, թե աշակերտ, նրան տեսնում՝ ժպտում էինք»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց տղայի մտերիմ ընկերներից մեկը:

Նա պատմեց, որ Չապլինը նախկինում զբաղվել է ֆուտբոլով, սակայն վնասվածք ստանալուց հետո թողել է այդ մարզաձևն ու զբաղվել բազկամարտով: «Ռայոնում բոլորը գիտեին նրա մասին, Չիպ էին ասում: Հենց ասում էիր` Չիպ, գիտեին, որ խոսքը ֆուտբոլիստ Չիպի մասին է»,- պատմեց ընկերը:

Նրա խոսքով՝ Չապլինը հաջողություններ էր գրանցել բազկամարտում, բանակում էլ լավ մարզավիճակում էր, տղաների հետ պարապում էր:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Չապլինը 20 օր առաջ էր եկել արձակուրդ: «Նպատակները շատ էին, ասում էր` գնալու եմ ծառայեմ,անպայման հետ գամ, շատ անելիք ունեմ, բայց եթե չգամ էլ՝ իմացեք հանուն իմ հողի չեմ եկել ու հանուն ձեր հանգստության»,- ասաց Չապլինի ընկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել