Armsport.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-15-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ կանցկացնի Երևանում, Գյումրիում, նաև Թբիլիսիում՝ Վրաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում:

Այն նվիրված է հայ և վրացի ըմբիշների հակադոպինգային գիտելիքների ձեռքբերմանը: Սեմինարներին մասնակցելու է նաև ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) փոխտնօրեն, հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:

Սեմինարների նպատակն է ըմբիշներին և մարզիչներին ծանոթացնել միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային կանոնների նոր պահանջներին, արգելված նյութերի վնասակար ազդեցությանը և 2018 թ. արգելված նյութերի ու մեթոդների ցուցակին.

«Ընտրել ենք ըմբշամարտը, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մենք ունենք դոպինգ ստուգման երկու դրական արդյունք և երեք զգուշացում մեր ըմբիշներին: Ինչպես նաև, ըստ WADA-ի, 2016 թ. աշխարհում դոպինգ օգտագործած ամենաշատ մարզիկները հենց ըմբիշներն են՝ 2.7 տոկոս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և առաջատար մարզադպրոցները կստանան UWW-ի հակադոպինգային կանոնները հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև արգելված նյութերի հիմնական ցուցակն ու հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումները և պատժամիջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել