Հոկտեմբերի 9-ին Շիրակի պետհամալսարանի աշխատակիցները վերջապես ստացան իրենց աշխատավարձը։ Սեպտեմբերի 1-ին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հավաստիացրին, որ նրանց ժամավճարով են վարձատրելու, սակայն մեկ տարի առաջ 500 միլիոն դրամ ժառանգած ռեկտոր Մինասյանը հիմա հայտարարում է, որ բուհի բյուջեն ճեղքվածք ունի, և ամեն ինչ արել և անում է նույն պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին խնայողություններ անելու նպատակով։ Դրա համար որոշվել էր համալսարանում ինտեգրված ուսուցում կազմակերպել, թերբեռնված կուրսերի մոտ, որոնց թերբեռնված լինելը որոշել էր ռեկտոր Մինասյանը, լսարանային ժամերը կրճատել էր 50 %-ով։ Այս որոշումները հակաօրինական էին և շուտով՝ ԿԳ նախարարի 5 հոգանոց ստուգող խմբի այցի օրը՝ հոկտեմբերի 2-ին, պարոն Մինասյանը արտահերթ գիտխորհրդի նիստ է հրավիրում և չբեկանելով նախկինում ընդունված ապօրինի որոշումները՝ նոր որոշումներ է ընդունում, որոնցից մեկը՝ ժամավճարային համակարգից դրույքաչափերին անցնելն էր։ Արդյունքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին նվազեցին։ Այսպես, ըստ այդ որոշման` մեկ դրույքի համար պրոֆեսորները վարձատրվելու են 210 հազար դրամ, դոցենտները՝ 180 հազար դրամ, գիտթեկնածուները՝ 170 հազար դրամ, իսկ գիտական կոչում չունեցող դասախոսները՝ 150 հազար դրամ։ Քանի որ բուհում շատ քչերն ունեն մեկ դրույք, ապա շատ դասախոսներ չեն կարող ստանալ վերը նշված աշխատավարձերը։ Երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին ժամանեց Շիրակի պետհամալսարան, մեզ՝ հանրապետության նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսներիս հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ռեկտոր Մինասյանն իրեն հավաստիացրել է, որ բուհի դասախոսների և ադմինիստրատիվ կազմի աշխատավարձերի տարբերությունը շատ չնչին է, որն, իհարկե, մեզ մոտ քմծիծաղ առաջացրեց, քանի որ նույնիսկ այդ ժամանակ, երբ դեռ գործում էր ժամավճարային համակարգը, դասախոսները երազում էին ստանալ այնպիսի աշխատավարձ, ինչպիսին ստանում են ռեկտորի յուրայինները՝ խորհրդականը, օգնականը, գործավարը, բժիշկը՝ իր բուժքույրով, ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը, որակի ապահովման կենտրոնի տնօրենը, գլխավոր հաշվապահը, գլխավոր ֆինանսիստը, իրավաբանը և այլն։ Իսկ հիմա, երբ արդեն պարզ է, թե ով որքան աշխատավարձ է ստանալու, կարելի է մի քանի համեմատություններ անել։ Օրինակ՝ բուհում ՄԵԿ դրույքով աշխատող պրոֆեսորը և ռեկտորի թոշակառու գործավարուհին, ով միայն թեյ և սուրճ է մատակարարում ռեկտոր Մինասյանին, ստանում են գրեթե նույն աշխատավարձը՝ 210 և 200 հազարական դրամ համապատասխանաբար, որը խայտառակություն է։ Ռեկտորի խորհրդականը և օգնականը, որոնք գիտական կոչում չունեն և բուհական կրթությունից ոչինչ չեն հասկանում, ստանում են 300 և 250 հազարական դրամ աշխատավարձ, որը գրեթե 1,5 անգամ գերազանցում է ՄԵԿ դրույքով աշխատող դոցենտների և գիտթեկնածուների աշխատավարձերը։ Համալսարանի թոշակառու բժշկի 250 հազար դրամ ամսական աշխատավարձին կնախանձեն «Գյումրի» ԲԿ-ի շատ բժիշկներ։ Նույնը վերաբերում է բուժքրոջը։ Օրական 5-6 վիրահատության ներկա նույն ԲԿ-ի բուժքույրը ստանում է մոտ 100 հազար դրամ, իսկ բուհի բուժքույրը՝ 95 հազար դրամ։ Անհամեմատելի է ռեկտորի «սուպեր» մտերիմների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համեմատությունը։ Գիտական կոչում չունեցող ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը, գլխավոր ֆինանսիստը, գլխավոր հաշվապահը, որակի կենտրոնի տնօրենն ամսական ստանում են 350 հազարական դրամ։ Հետաքրքիր է, ո՞ւմ հաշվին։ Այս ամենից հետո ռեկտոր Մինասյանը կարող է բարձրաձայնել, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և բուհի վարչական աշխատողների աշխատավարձերի տարբերությունը չնչի՞ն է։ Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ երբ անցած տարի բուհ էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությունը, ռեկտոր Մինասյանը, ցանկանալով թաքցնել իր մտերիմ շրջապատի աստղաբաշխական աշխատավարձերը, դիմել էր կեղծիքի՝ ստուգողներին ներկայացրել էր թարմ պատրաստված հաստիքացուցակ, որտեղ «պրոֆեսորագործավարուհու» և «ակադեմիկոսաօգնական-խորհրդականների» դիմաց չնչին աշխատավարձերի թվեր է նկարել։ 
Այսինքն`պարոն Մինասյանը, ով մեկ անգամ փաստաթղթավորված էր խաբել վարչապետի ստուգողներին, այս անգամ արդեն բանավոր խաբել է ԿԳ նախարարին։


Հ.Գ. Միայն Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Մինասյանի թեթև ձեռամբ դոկտորը և ռեկտորի գործավարուհին վարձատրվում են նույնչափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել