Արցախի վրա հերթական հարձակումը կարող է շեղող քայլ լինել Նախիջևանից Երևանի ուղղությամբ իրականացվող հարձակման համար: Այդ մասին հայտարարել է գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։

«2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակում իրականացրեց Արցախի վրա։ Ամբողջ Հայաստանը սկսեց շարժվել Արցախի ուղղությամբ, իսկ Բաքուն կարող էր հարված հասցնել Նախիջևանից։ Դա կարող էր շեղող քայլ լինել։ Պետք է զորավարժություններ անցկացնել, որոնք ենթադրում են, որ Ղարաբաղի հարվածները կարող են հենց շեղող հանգամանք լինել», – ասել է Տեր–Գրիգորյանցը։

Նրա խոսքով` սցենարում որպես լրացուցիչ տարբերակ կարող է լինել նաև Տավուշի մարզին հասցված հարվածը (երրորդ)։

Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը`մեկը`առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը: Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել, որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։

Երկրորդ ճակատը` Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ–ի ռազմավարական նշանակության մարզերը`Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը` բնական պաշարներ`«կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք–Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ, այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ–ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը, որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։

Բացի այդ, Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը` ՀՀ–ի մայրաքաղաքի ռազմա–քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս` Բաքուն կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը թույլ չի տալու, որպեսզի այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս–Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ` Արցախին։ Բացի այդ, կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ–Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ–ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։
Չմոռանանք, որ Անկարան ուժեղացնում է իր ռազմա–քաղաքական, տնտեսական ներկայությունը Նախիջևանում։
Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։

Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան՝ Թուրքիա-Նախիջևան-Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե′ Նախիջևան, թե′ իրանական շուկաներ։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ՝ Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։ Անկարան ու Բաքուն այս օրերին էլ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում՝ ԶԼՄ-ներում անգամ տեղեկություններ էին տարածվել, որ Անկարան այնտեղ ռազմաբազաներ է տեղակայում՝ չի բացառվում, որ դրանք՝ հետախուզական և այլ տիպի արդեն իսկ տեղակայված են, սակայն այդպիսի տեղեկություններ բաց աղբյուրներում չեն հրապարակվում։

Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում՝ Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։

Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ-Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը՝ Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել