Yerkir.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր նախարարության մեկ տարին ամփոփելիս խոսեց նախարարության իրականացրած գործերի, կատարված փոփոխությունների մասին: Նրա խոսքով` սկսել են համայնքային խնդիրների կարգավորման ինստիտուցիոնալ մասը:

«Համայնքների համար պատրաստեցինք տասը ձեռնարկ` ինչպես տարբեր ուղղություններով աշխատել համայնքներում: Մենք ունեինք 18 խոշորացված համայնքներ, բայց չունեինք ծրագիր` ինչպես պետք է կառավարվեն այդ խոշորացված համայնքները»,- ասաց Լոքյանը: Նրա խոսքով` այս խնդիրները լուծված են:

Այնուհետև նախարարը նշեց, որ համայնքային տնտեսական զարգացման ձեռնարկներ են կազմել: «Պատրաստեցինք ձեռնարկները և փոխանցեցինք համայնքներին: Յուրաքանչյուր համայնքում պետք է ունենանք տնտեսության զարգացման աշխատանքներով զբաղվող անձ, ում համար ֆիքսված է` ինչ պետք է անի համայնքում, ինչ պետք է ներկայացնի մարզպետարան և մարզպետարանով ինչպես պետք է հասնի նախարարություն»,- հայտարարեց նա:

Լոքյանը տեղեկացրեց, որ ծրագրային բյուջետավորման անցնող ծրագիր են մշակել: «2018 թվականին մեր խոշորացված համայնքները պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, ֆիքսեն չափելի ցուցանիշները և նոր համապատասխան ֆինանսական պահանջարկը դնեն»,- ասաց նա:

Լոքյանն ընդգծեց, որ սուբվենցիաների տարամադրման կարգ են պատրաստել համայնքների համար: «Առաջարկում ենք` համայնքն իր ֆոնդային բյուջեում դնի որոշակի գումար, պետությունը պատրաստ է այն կրկնապատկել: Համայնքը պետք է ներկայացնի ծրագիր, ստանա ֆինանսավորում, որն ուղղակիորեն կփոխանցվի համայնքային բյուջե»,- բացատրեց նախարարը:

Նա նշեց, որ համայնքը պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որը նախարարությունը կներկայացնի կառավարությանը, և վերջինիս հաստատման արդյունքում բյուջետային ֆինանսավորում կլինի։ «Սա թույլ կտա լուծել այն հարցը, երբ մարդիկ ասում էին՝ 1 մլն դրամ տվեք, և մենք կլուծենք խնդիրները։ Մենք ասում ենք՝ փորձիր քո միջոցներից տրամադրել որոշակի չափ, և մենք կրկրնապատկենք այն՝ մեծացնելով քո կապիտալ ծախսերի մասը»,- ասաց Լոքյանը:

Նրա խոսքով` խնդիրը քննարկված է նախագահի, վարչապետի մոտ: «Պատրաստ ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին»,- հայտարարեց Լոքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել