Ընտանեկան բռնությունը կանխարգելող հանրային քննարկումը երեկ վերածվեց իրարանցման։ Անձամբ ես ունեի նման մտավախություն, սակայն կանխակալ մոտեցումն այդ հարցին, այնքան էլ ճիշտ չէր լինի՝ լավ իմանալով մեր հասարակության, խնդրո առարկայի կողմերի զգայուն լինելը։ Եվ ուրեմն՝ ինչ ստացվեց։ Ինչ-որ իքս պահի քննարկումը մտավ ճգնաժամի մեջ, քանի որ օրինագծին դեմ արտահայտվողների կարծիքով՝ իրենց կարծիքների հնարավորություն չէր տրվել։ Ես չեմ ուզում քննարկել՝ ով է ճիշտ և ով՝ սխալ, որովհետև, ինչպես նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանը, խնդիրը բացառապես կրթության ոլորտում է, այլ ոչ իրավական, որ ներկայացվում է։ Ի վերջո, օրենքն իրենց որոշակի բռնի ուժ է ենթադրում կամ մինիմում հարկադրանք, և ուրեմն՝ չի կարող միտված լինել լիարժեք խնդրի վերացմանը։ Բնության մեջ, ի վերջո, փորձը ցույց է տվել, որ համերաշխության հիման վրա ստեղծված հասարակությունները շատ ավելի ներդաշնակ են լինում։ Օրենքը կարող է գործել, բայց այն երբեմն մարդու գործողությունները շատ ավելի ավտոմատացված է դարձնում։ Մի խոսքով՝ խնդրի իրավական կողմը գուցե դեռ կարելի է քննարկել, սակայն այստեղ իրավական ու բարոյական մոտեցումները հարցի վերաբերյալ խիստ տարբեր կարող են լինել։ Ու չպետք է ասել, որ սա նորմալ է, որովհետև ռոբոտացված հասարակությունը ոչ մի բանի պետք չէ, այն կեղծ է։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ օրենքները բխեն հասարակության իրական տրամադրություններից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել