Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Հայաստանում իսկապես սկսվել է արմատական փոփոխությունների մի շրջան, որոնց արդյունքները մեկ տարում հնարավոր չի տեսնել: Աղվան Վարդանյանի խոսքով՝ այն, ինչ անում է այսօրվա կառավարությունը, տնտեսական զարգացման իրական հիմքեր նախապատրաստելն է: «Այսօր մենք չունենք հնարավորություն, որ նաև կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման խնդիր լուծենք, որովհետև առայժմ գնում է օպտիմալացում, կրկնվող գործառույթների բացառում: Իհարկե, հրաշալի կլիներ, որ այդ հնարավորությունները բացվեին, և մենք կարողանայինք նաև այս սոցիալական լարվածությունը մեղմացնող քայլեր կատարել, բայց պիտի կարողանանք ինչ-որ մի ժամանակի համար սեղմել մեր գոտիները, նախապատրաստվելտնտեսական զարգացման հիմքերի ստեղծման, սա, կարծում եմ, ճիշտ քայլ է»,-ասաց նա: 

-Պարո՛ն Վարդանյան, վերջին շրջանում սպառողական շուկայում էականորեն թանկացել են մի շարք ապրանքատեսակներ՝ կարագը, մսամթերքը և այլն: Թանկացումների այս ֆոնին դեռ զգուշացնում են, որ շուրջ 900 անուն-ապրանքների թանկացումներ են դեռ սպասվում, երբ կսկսեն գործել ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը: Դուք վստա՞հ եք, որ ԵԱՏՄ անդամակցությունը այդուամենայնիվ ճիշտ քաղաքական և տնտեսական որոշում էր:

-Որքանով ես եմ տեղյակ, այն ժամանակ կար պայմանավորվածություն, որ որոշ ժամանակ հետո, կարծեմ 3 տարի էր, որոշակի փոփոխություններ պիտի լինեին այդ ապրանքատեսակների հետ կապված, բայց ես խորապես համոզված եմ, ինչպես այն ժամանակ կառավարությունը փորձում էր այլ պայմանավորվածություններ ստեղծել, նույնը կլինի նաև հիմա: Օրինակ՝ այն ժամանակ մեքենաների հետ էր կապված խնդիրը, բայց հետո պարզվեց, որ լրիվ ավելորդ էր անհանգստությունը, որովհետև արտասահմանյան ավտոմեքենաները շատ ավելի էժանացան նույնիսկ այդ պայմաններում, քան թե ենթադրվում էր: Ես, չլինելով խոր մասնագետ, համոզված եմ, որ այս հնարավոր թանկացումները առնչություն չունեն ԵԱՏՄ-ի փոփոխությունների հետ՝ ապրանքների հետ կապված, իսկ կարագի և այլ թանկացումները մեր հակամենաշնորհային հանձնաժողովի աշխատանքն է: Այն ապրանքների ցանկը, որոնք բանակցվում էին ԵԱՏՄ մտնելիս, չթանկացան, մի բան էլ էժանացան, այստեղ չպիտի փնտրել խնդիրը, պետք է փնտրել մեր ներքին օրենսդրության դաշտում:

-Օրինակ՝ մսամթերքի թանկացման պարագայում ասում են, որ այո, ներքին շուկայի խնդիրներն են, գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ, քանի որ ձեռնտու չէ:

-Ես չեմ կարծում, որ այն ֆերմերների համար, ովքեր աշխատում են և ունեն գոնե նվազագույնից ավելի անասնագլխաքանակ, ձեռնտու չէ դա անելը։ Բնական է, որ անհատ տնտեսվարողի պարագայում 1-2 կով պահելը կարող է ձեռնտու չլինել, միայն ընտանիքի հոգսերը հոգալ, բայց մեր հեռանկարային ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է, հատկապես ինտենսիվ այգիների ստեղծումը. իմ տպավորությամբ, Հայաստանում բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ներդրում կատարել տնտեսության մեջ, շահագրգռված են դա անել նոր հողեր ձեռք բերելով և հենց ինտենսիվ այգիներ ստեղծելով, որովհետև գիտեք՝ կառավարության վերջին փոփոխություններով բավականին լուրջ էժան վարկերի հնարավորություն կա՝ 1-3 տոկոս, դա հեռանկարային ճյուղ է Հայաստանում: Նույնը անասնապահությունը, իհարկե, կախված է պահանջարկից ու առաջարկից, կարող են լինել որոշակի տատանումներ, բայց ես չեմ կարծում, որ գյուղատնտեսության ոլորտով ինտենսիվ զբաղվողներն այսօր խնդիր ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել