Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին եւ նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեռ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ կնքված աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը եւ տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման եւ հումանիտար աջակցության կիազմակերպման հարցերում:

Կողմերը կարեւորեցին համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարեւան երկրների միջեւ սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: 

Համագործակցության խորացման համատեքստում քննարկվեցին նաեւ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման եւ փորձի փոխանակման հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել