Առաջիկա 5 օրերի ընթացքում պարզ կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը: Գրեթե մեկ տարվա պայքարից հետո այսօրվանից մեկնարկում է ընտրության եզրափակիչ փուլը, որը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը:

Մեզ համար այս ընտրությունը կարևոր է նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Դեռևս 2017թ. ապրիլին բազմիցս անդրադարձանք այս թեմային՝ ներկայացնելով, թե մինչև 2006 թվականը, լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար, ինչպես են նրա հսկողությամբ ոչնչացվել հայկական և իրանական բազմաթիվ մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Ջուղայի հայկական խաչքարերը:

Ընտրության առաջին փուլում՝ 2017թ. ապրիլին, միավորելով ջանքերը, մենք կարողացանք նամակներ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային երկրների ներկայացուցիչներին, կիրառել պայքարի տարբեր միջոցներ, բանակցել, հրապարակել հոդվածներ Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի մի շարք լրատվամիջոցներում, որոնց շնորհիվ աշխարհը քիչ թե շատ տեղեկացավ Ադրբեջանի ներկայացուցչի իրական կերպարի մասին:

Կարող ենք ասել, որ Բյուլբյուլօղլին ձախողեց առաջին փուլը, նրա ելույթը ծիծաղի առարկա դարձավ, հնչած հարցերին նրա պատասխանները՝ ևս, մանավանդ, փողից բացի, այլ բան չգիտեր այդ մարդը:

Պաշտոնական Երևանը ոչ պաշտոնական խողովակներով ևս քայլեր արեց, սակայն հայտնի է, որ ապրիլին Ադրբեջանը մոտ 5 մլն դոլար էր ծախսել իր թեկնածուի օգտին: Այն ժամանակ դա առանձնապես արդյունք չունեցավ, սակայն հիմա խաղադրույքին ևս 4 մլն դոլար է, որն, այնուամենայնիվ, կարող է ազդեցություն ունենալ: Հաշվի առնենք, որ հատուկ այդ նպատակով հոկտեմբերի 5-ին Փարիզ էր ժամանել Թուրքիայի ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն՝ հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար, վաղուց Ադրբեջանի կողմից գնված և մոտ 700.000 դոլար կաշառք ստացած Իրինա Բոկովայի հետ: Բոկովան չի թաքցնում, որ ամեն ինչ կանի՝ Փոլադ Բյուլբյուլօղլուի ընտրվելու համար, մանավանդ վերջերս բացահայտվեց, որ Ադրբեջանից Բոկովայի ամուսինը ստացել է ևս 425.000 եվրո:

Այս համատեքստում հիմա ևս կարևոր է կազմակերպել Հայաստանի և Սփյուռքի հայության համատեղ գործողություններ, կրկին նամակներ հղել միջազգային այս կազմակերպությանը, գրել հոդվածներ, կոչեր հնչեցնել, պաշտպանել Չինաստանի կամ Քաթարի թեկնածուներին, որոնք, ի դեպ, ամենահավանական տարբերակներն են, ՀՀ-ի համար Չինաստանի թեկնածու Ցյան Տանը լավագույնն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել