Armsport.am-ը գրում է.

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է. որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն է պարգևել ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։

Նորին Սրբությունը նշել է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն է ուղղել նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:

Իր հերթին Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել առաջիկա մրցույթների մասին։

Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել