Հաճախ ենք պարզում, որ պատմությունից մեզ հասած աներկբայելի շատ փաստեր իրականում չեն համապատասխանում իրականությանը: Եգիպտացիների վերաբերմունքը կատուներին՝ որպես աստվածային էակների, այդպիսի փաստերի շարքին չի դասվում: Հին Եգիպտոսում կատուներն իրապես համարվում էին սուրբ ու աստվածային կենդանիներ, որոնք պատասխանատու էին բերքատվության համար:  

Սակայն կատուներին հարգանքով էին վերաբերվում ոչ միայն այն պատճառով, որ նրանք աստվածային ծագում ունեին, այլ նաև տնտեսութան մեջ նրանց տված օգուտի համար. չորքոտանիները հրաշալիորեն հսկում էին ամբարներն ու պահեստները ու պաշտպանում էին դրանք կրծողներից, որոնք ոչնչացնում էին հացահատիկը:

Կատուների երկրպագության ապացույցներ հնարավոր է գտնել Եգիպտոսի այն բոլոր վայրերում, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացվել: Այդպիսի գտածոների թվին են պատկանում հին գերեզմաններում թաղված մումիֆիկացված կատուները, շիրմաքարին արված գրությունները, սպասքի վրա կատուների պատկերները: Վերջիվերջո, գտնվել են գրառումներ, որոնք խոսում են այն մասին, որ եգիպտական յուրաքանչյուր տաճարում մի կատու էր ապրում, որին վերաբերվում էին մեծագույն հարգանքով ու ակնածանքով:

Հին Եգիպտոսում կատուներն իսկապես առանձնանում էին մնացած բոլոր կենդանիներից: Դրանց սպանության համար մեղադրյալը կանգնում էր դատարանի առջև: Դատավորը հաշվի չէր առնում՝ սպանությունը դիտավորյալ է կատարվել, թե անզգուշությամբ, նա միայն քննում էր, թե որտեղ է ապրել կատուն: Եթե կատուն ապրել էր պալատում կամ տաճարում, ապա մեղադրյալը մահապատժի էր ենթարկվում: Իսկ եթե դա սովորական փողոցային կատու էր, ապա մեղադրյալը մարմնական պատժի ու խոշոր տուգանքի էր ենթարկվում: Սակայն վերջին տեսակի պատիժ կրող անձը մինչև կյանքի վերջը հարևանների և հարազատների կողմից անարգանքի էր արժանանում:

Մ.թ.ա. 60 թվականին փարավոն Պտղոմեոս XII-ը չեղարկեց կատուների սպանության համար մահապատժի ենթարկելու օրենքը: Նույն տարում Եգիպտոս էր այցելել հույն պատմաբան Դիոդոր Սիցիլիացին, որը հետաքրքիր դեպքի ականատես է դարձել: Այդ տարիներին Հռոմի հանրապետությունն արդեն ակտիվորեն միջամտում էր Հելլենիստական Եգիպտոսի գործերին, հռոմեացի առևտրականներն ու պետական գործիչներն ազատորեն շրջում էին եգիպտական քաղաքների փողոցներում: Հռոմեական սայլերից մեկը պատահմամբ տրորել է կատվին, իսկ վախեցած սայլապանը շտապել է թաքնվել իր տանը կատաղած եգիպտացի ամբոխից: Վրդովված ժողովուրդը, հաշվի չառնելով փարավոնի որոշումը, մտել է սայլապանի տուն ու սպանել նրան:

Կատվի պաշտամունքը Եգիպտոսում գործել է ընդհուպ մինչև մեր ժամանակաշրջանի 390 թվական, մինչև բյուզանդական նահանգապետները չարգելեցին պատվել այդ կենդանիներին: Այդ ժամանակից ի վեր կատուները դադարեցին համարվել սուրբ կենդանիներ, սակայն ժողովրդի սերը նրանց հանդեպ պահպանվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել