Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան` հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:


Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Հետևողական ջանքերի շնորհիվ, նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին: 


Մշտապես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի և գործընկերային բնույթ են կրում: Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ ևս կուղղվի դեպի մեր երկրների միջև կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում:

 

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել