«ՀՀ արտգործնախարարության կայքում՝mfa.am, «ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ» բաժնում նշված է՝ Աֆղանստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան... այնուհետև նստավայրը՝ Աստանա, Ղազախստան:
 
Թե ինչու Հայաստանի Հանրապետությունը դեսպան չունի Աֆղանստանի Հանրապետությունում, փորձեցինք պարզաբանում ստանալ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: «Աֆղանստանում մենք չունենք ոչ նշանակված, ոչ էլ հավատարմագրված դեսպան»,- ասաց Տիգրան Բալայանը, որը չէր հիշում, թե որքան ժամանակ է, ինչ մենք այդ երկրում չունենք դեսպան: «Ահագին ժամանակ է, որ չունենք: Եթե չեմ սխալվում, ապա առնվազն հինգ-վեց-յոթ տարի է, ինչ չունենք նշանակված դեսպան: Վերջին դեսպանը, որ նշանակված էր Աֆղանստանում, եթե չեմ սխալվում, Վասիլի Ղազարյանն էր, որն արդեն դեսպան չէ: Նա ՀՀ դեսպանն էր Ղազախստանում, համատեղության կարգով նշանակված էր նաև Աֆղանստանում, բայց իրենից հետո մենք այդ երկրում չունենք նշանակված դեսպան»,-ասաց Տիգրան Բալայանը:
Փորձեցինք պարզել, թե ինչն է խնդիրը, ինչու այդ երկրում չունենք դեսպան:
«Որևիցե խնդիր չկա, ուղղակի չենք նշանակել դեսպան: Աֆղանստանում մենք ունենք զորախումբ, նպաստում ենք այդ երկրի կայունությանը, նույնիսկ այդ զորախումբն իր քանակով ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ մի քանի երկրներինը միասին վերցրած: Իսկ դա չի նշանակում: Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այս պա­հին դեսպան նշանակված չէ»,- ասաց Տիգրան Բալայանը:
 
Թե երբ կլինի Աֆղանստանում ՀՀ դեսպան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը խորհուրդ տվեց սպասել երկրի նախագահի հրամանագրին: Նկա­տենք, որ հայկական Վիքիպեդիայում որպես Աֆղանստանում դեսպան հիշատակ­ված է Արա Սահակյանի անունը: Եվ այս սխալը ՀՀ ԱԳՆ-ն հարկ չի համարում ուղղել»,- գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել