«Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն, այսպես ասած, ուշագրավ և անսպասելի ավարտ ունեցավ՝ Գեղամյան-Փաշինյան բախում, ծեծկռտուք: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Ելքի» ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵՏՄ պլյուսներն ու մինսուները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք և չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ և վերջինիս պատասխանը, իսկ հետո նաև տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով:
 
Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության նկատմամբ, որովհետև այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար:
 
2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, որտեղ Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանսիայի թիմին, թեև վերջինս թե՛ առաջնության ընթացքում, թե՛ հատկապես եզրափակիչում թողնում էր ավելի լավ տպավորություն, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դոմենեկը հայտարարեց, որ իտալացիների կազմում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մարկո Մատերացին էր: Հենց Մատերացին սադրեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանի մասնակցությամբ հայտնի դրվագը: Այն կհիշվի, թերևս, ընդմիշտ, որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը, երբ Զիդանը քրոջ հասցեին արված ակնարկի համար գլխով հարվածեց Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից և բարդ վիճակում դնելով Ֆրանսիայի հավաքականին:
 
Այդ իմաստով, իհարկե, Գեղամյանը ՀՀԿ-ի Մատերացին էր տվյալ իրավիճակում, որի սադրանքը, թերևս, ավելի մեծ վնաս հասցրեց «Ելքի» նախաձեռնությանը՝ այդ ամբողջ գործընթացից թողնելով միայն թամաշան: Իհարկե, պետք չէ բացառել, որ հայկական քաղաքական կյանքի, այսպես ասած, փորձառու և հին մասնագետ Արտաշես Գեղամյանը բոլորից լավ կռահեց, թե որը կարող է լինել եվրասիական պաշտպանության ամենաարդյունավետ տարբերակը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի երիտասարդների»,-գրում է թերթը: 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել