Tert.am-ը գրում է.

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը անդրադառնում է 2018 թվականի գլխավոր քաղաքական փաստաթղթի՝ բյուջեի նախագծում սոցիալական ծախսերի կրճատմանը, ասելով, որ միայն գոտիները ձգելով, չի, այլապես այնքան կձգեն, որ մի օրը մարդը կխեղդվի:

-Կառավարության 2018-ի բյուջեում, ըստ տնտեսագետների, կրճատված են սոցիալական ծախսերը, և կառավարությունն ակնհայտորեն վարում է գոտիները ձգելու քաղաքականություն: Օրինակ՝ այս համատեքստում խոսվում է, որ Սոցապը հաշմանդամության կարգեր է իջեցնում 1-ից  2-րդ, 2-րդ-ից  3-րդ,  խնայողությունների նպատակով կամաց-կամաց հանում է գումարները: Իսկ Առողջապահությունն էլ, ըստ դեռ չհաստատված, բայց հավաստի տեղեկությունների՝ նախատեսում է կրճատել ատամնաբուժության համար նախատեսված պետպատվերը 0-7 տարեկան երեխաների, ինչպես նաև 65-ից բարձր անձանց համար: Որպես նախկին Սոցապ նախարար, ի՞նչ կարող եք ասել այս առումով:

-Այն կարծիքին եմ, որ մեր պետական բյուջեն պետք է արտացոլի մեր Սահմանադրության առաջին հոդվածը, այսինքն՝ պետք է լինի մեր Սահմանադրության 1-ին հոդվածի հաշվապահությունը՝ ապահովի սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության ապահովման գործընթացը: Հիմա, եթե անընդհատ սոցիալական ծրագրերը կրճատում ենք, իմ համար անհասկանալի է: Ես, առհասարակ, ձեռնպահ եմ մնում կտրուկ գնահատականներ տալուց, բայց եթե այսօր անընդհատ գոտիները ձգելով գնանք՝ մարդիկ մի օր կխեղդվեն: Սա ինչ է, աստիճանաբար նշանակում է դանդաղ մարդասպանությո՞ւն:

Իրականում չեմ կարծում, որ սոցիալական խնդիրները պետք է լուծել անընդհատ բյուջեն կրճատելով: Եթե մենք գնում ենք դեպի զարգացում, բյուջեն պետք է ընդլայնվի՝ անկախ իրենց ուղեղներից ու հնարավորություններից: Չի կարելի սոցիալական հարցը կրճատել ի հաշիվ սոցիալական հզորացման: Ինչ-որ մի գումար կրճատել ի հաշիվ ասենք՝ անվտանգության: Դրանք բոլորը կարևոր բաղադրիչներ են: Իհարկե, մեր երկրի անվտանգությունը շատ կարևոր է, բայց ունի 2 բաղադրիչ՝ արտաքին և ներքին: Ես չեմ ուզում նսեմացնել արտաքին անվտանգությունը, բայց ինչին է այն պետք, եթե չկա ներքինը: Եվ ես կտրականապես դեմ եմ հատկապես սոցիալական ծրագրերով կրճատումներին: Սա իմ համար բացարձակ անհասկանալի է թե՛ որպես մարդ, թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես պատգամավոր և թե՛ որպես նախկին նախարար: Առանց այն էլ ժողովուրդն ապրում է ծայրաստիճան վատ վիճակում: Փրկարար ծառայության, ոստիկանության, ազգային անվտանգության  համակարգի աշխատողները, մանկավարժները, ուսուցիչները, ես այն օրն էլ ասացի կառավարությանը, ծայրահեղ վիճակում են: Հիմա էս վիճակը փոխանակ փորձեն դեպի դրական տանել, մի հատ էլ գոտիներն են ձգում: Ինչքան ձգեն, մի օր կխեղդվեն էդ գոտիները ձգելուց: Սա իշխանափոխության կոչ չէ, գնահատական է, որը բխում է իրականությունից, որ եթե  անձը, վերանանք անուններից, չի կարողանում կայունություն ապահովել, ապա պետք է բարի լինի դա թողնել այն ուժերին, որոնք ողջամիտ պատրաստակամություն կվարեն, խելամիտ ծրագրեր կիրականացնեն և կապահովեն կառավարության բնականոն գործունեությունը: Իշխանափոխության կոչ չէ, բայց եթե կառավարությանը չի կարողանում, թող գնա ու իր տեղը զիջի կարող ուժերին: Ինչ է նշանակում՝ «չենք նախատեսում, որովհետև չենք կարող», իսկ կներեք, ինչո՞ւ չեք կարող:  Ես կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ ասացի, որ  ձեր  2017-22 թթ. գործունեության ծրագրում նշված է՝ ծրագրերի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, բայց դա ընդամենը բարի ցանկություն է: Եթե անընդհատ կա արտագաղթը, սոցիալական հիմքով ինքնասպանությունների թիվն ավելանում է,ոնց կարող է էդ ծրագրի կենտրոնում կանգնած լինել քաղաքացին: Կներեք, դա հեքիաթ է, իսկ ես հեքիաթներին, արդեն 39 տարի, չեմ հավատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել