Tert.am-ը գրում է.

Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության որոշման մեջ լուրջ տեղ է ունեցել անվտանգության հարցը, և չեմ կարծում, որ Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից այդքան պրիմիտիվ քաղաքական գիծ կտարվեր՝ պատերազմի միջոցով Ադրբեջանն ընդգրկել ԵԱՏՄ կազմում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում լուրջ հաջողությունների հասնելու դեպքում կմտներ ԵԱՏՄ, ապա այստեղ հարց է առաջանում՝ Հայաստանը ի՞նչ պետք է աներ: Փաստորեն, այս դեպքում Հայաստանը պետք է դուրս գար ԵԱՏՄ-ից: Այսինքն, եթե ձեռք էր բերում Ադրբեջան, ապա կորցնում էր Հայաստանը: Չեմ կարծում, որ այդքան պրիմիտիվ քաղաքական գիծ էր տարվելու»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Վերլուծաբանը նկատեց՝ եթե Արցախի հարցում Ռուսաստանը վարի ակնհայտորեն պրոադրբեջանական քաղաքական կուրս, ապա տրամաբանական կլինի, որ Հայաստանը վերանայի իր մոտեցումները: Այդ պատճառով Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վարում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը չհեռանա իր ազդեցության գոտուց, իսկ Ադրբեջանն էլ առնվազն արևմտյան ճամբար չտեղափոխվի:

«Երբ ռուսներն ասում են, որ պետք է այնպիսի որոշում, որպեսզի որևէ մեկն իրեն պարտված չզգա, դա հենց նպատակ ունի հասնել իրենց քաղաքական գծին՝ չկորցնել Հայաստանը իրենց ազդեցության գոտուց և թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն այլ քաղաքական ճամբար տեղափոխվի»,- ընդգծեց նա: 

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանում արտաքին քաղաքականության դոմինանտ ուղղությունը Ադրբեջանն անպայման ԵԱՏՄ բերելը չէ. «Այժմ Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում ընդգրկելու հարցը չի քննարկվում Ռուսաստանի կողմից: Այսօրվա դրությամբ չկա որևէ լուրջ քայլ, որը Ռուսաստանին թույլ կտա Ադրբեջանին միանշանակ բերել ԵԱՏՄ, բացի Արցախի հարցում քիչ թե շատ կա ադրբեջանամետ զիջումը: Բայց նման հնարավորություն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում առայժմ չի երևում»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել