Գաղտնիք չէ, որ ՍերԺ Սարգսյանը սահմանել է գործընկերության իր չափանիշը, և ով չի տեղավորվի այդ տիրույթում Նախագահը կփորձի նրա առաջ փակել իշխանական կերակրատաշտի մուտքը: Բավական հեռանկարային, եվրոպական արժեքների կողմնակից ՕԵԿ-ը, որը վերջին ընտրությունների ժամանակ ունեցել էր առանցքային դերակատարություն, համաձայնվեց Ս.Սարգսյանի «հաճախորդի» կարգավիճակին: Եվ թեպետ Արթուր Բաղդասարյանը պահպանեց կուսակցությունը որպես ինքնուրույն կառույց, սակայն իրականում այն ավելի անինքնուրույն է, քան անգամ ՀՀԿ-ի կազմի մեջ մտնող որոշ անհատ գործիչներ: Այսինքն Ա.Բաղդասարյանն իր կուսակցույթունը Ս.Սարգսյանի ոտքերի տակ մատաղ անելով դարձավ «հավատարմության» տիրույթի վերին շեմը: Մյուսն ընդդիմադիր դաշտում ժամանակին բավական լուրջ դերակատարություն ունեցած Արտաշես Գեղամյանն է, ում դիրքոոշումից էր փաստորեն կախված, թե կլինի երկրում իշխանափոխություն, թե ոչ: Նա էլ իր կուսակցությունը մատաղ արեց Ս.Սարգսյանին, ու այնպիսի ստորացուցիչ պայմաններով, որ արդեն ռեսուրս չունեցավ ինքնուրույն գործելու և իր քաղաքական կարիերայի ավարտը համարեց ընդգրկվելը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում՝ «դհոլի» կարգավիճակով: Այսպիսով Գեղամյանն էլ զբաղեցրեց տիրույթի ստորին շեմը, և կարելի է վստահաբար պնդել, որ հաճախորդից-դհոլ կերակրատաշտի դարպասները հուսալի ձեռքեում են: Թեպետ Ս.Սարգսյանի հետ համագործակցում է նաև ԲՀԿ-ն, բայց նա ոչ մի կերպ չի համաձայնվում տեղավորվել նշածս տիրույթում, իսկ Նախագահի ուժերը չբավարարեցին նրան այդտեղ զոռով մտցնել: Իսկ դա նշանակում է, որ կա՛մ Ս.Սարգսյանը փորձելու է նրան այդ տիրույթ մտցնել, կա՛մ էլ խաղից դուրս թողնել, այնպես ուժասպառ անել, որ ԲՀԿ-ն այլևս որոշիչ դերակատարություն չունենա գալիք նախագահական ընտրությունների հարցում: Սակայն դեպքերի զարգացումը հուշում է, որ Ս.Սարգսյանին հազիվ թե հաջողվի դա իրականություն դարձնել, և նա ստիպված է լինելու առաջիկայում նոր տակտիկա ընտրել: 
Ընդդիմադիր դաշտից ՀԱԿ-ը թեպետ մերթընդմերթ Ս.Սարգսյանի հետ «արժանապատիվ գործարքներ» է կնքում, բայց դարձյալ չի ցանկանում տեղավորվել հաճախորդ-դհոլ տիրույթում: Եվ որքան էլ նրան ցանկանում է վարկաբեկել Ս.Սարգսյանը, թեպետ այդ ուղղությամբ բավական բան հաջողվել է, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը կարողացավ ընտրությունների գնալ որպես ինքնուրույն միավոր և դեռ չի կորցրել հետընտրական անհանգստություններում կարևոր դերակատարություն ստանձնելու իր շանսը: 
Դաշնակցությունն իր դերակատարությունն այս տարիներին փայլուն կատարեց. յուրայինների մեջ օտար է, օտարների մեջ յուրային: Այսինքն՝ իշխանության համար ընդդիմություն է, ընդդիմության համար իշխանություն: Սա բավարար էր, որ Ս.Սարգսյանը նրանց չխանգարի մտնել ԱԺ: Այսինքն ստացած ձայները ճշտությամբ ֆիքսի՝ ոչ ավելացնի, ոչ պակասեցնի: Եթե դա կօգնի անցնել ԱԺ, ապա լավ, եթե ոչ՝ դա արդեն Դաշնակների պրոբլեմն է: Չմոռանանք, որ ՀՅԴ-ն երեք ավանդական կուսակցություներից մեկն է, որը վերջերս մշտապես եղել է խորհրդարանում, և կոալիցիայից դուրս գալուց հետո էլ պահեց իր դիրքը Ս.Սարգսյանի համար կառավարելիության սահմաններում:
Ժառանգությունը լավ հասկանում էր, որ նախորդ ընտրության արևմտամետության էֆեկտով այս անգամ հաջողության հասնել չի կարող, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդավորության «փուչիկը» այլևս պայթել է: Բացի այդ ԱՄՆ-ն Ս.Սարգսյանին այս անգամ չցանկացավ պարտադրել արևմտամետ ուժ, քանի որ հասկանում են, որ եթե Նախագահի դիքերը թուլացնի, ապա Հայաստանը կհայտնվի Քոչարյանի ձեռքում, իսկ դա նշանակում է ավելի կոշտ կապ Ռուսաստանի հետ: Դրա համար ԱՄՆ-ն «Ազատ դեմոկրատների» միջոցով մի փոքր ավելացրեց ամերիկամետ Ժառանգության կշիռը ու նորից առաջարկեց Ս.Սարգսյանին փոխշահավետ պայմանով ընդունել նրան որպես գործընկեր: Նախագահն էլ, ըստ պայմանավորվածության, Ժառանգությանը «փայ» մտավ իր մարդկանց այդ ցուցակում տեղավորելու ձևով: Սա երաշխիք համարվեց, որ իշխանությունները Ժառանգության ստացած քվեները կպահեն, որի դիմաց ժառանգականները հրաժարվեցին անգամ հայ-թուրքական արձանագրությունների նկատմանբ իրենց ռադիկալ դիրքորոշումից: Բայց սա դժվարացնում է Ժառանգության վիճակը, քանի որ հիմա նրանք չեն կարողանալու կոշտ քննադատության ենթարկել իշխանություններին: Մինչդեռ, չքննադատելով իշխանություններին, մնում է միայն քննադատել ՀԱԿ-ին, որ գոնե մի կոշտ ասելիք ունենան ժողովրդին: Այո, գուցե ստացած ձայները իշխանությունները պահեն, բայց կստանա արդյոք Ժառանգությունն այս մարտավարությամբ ընտրողների ձայները, սա արդեն լուրջ կասկած է հարուցում: Եվ Ժառանգության դեպքում էլ Ս.Սարգսյանը չի խոստանալու, որ նրանց համար «թվեր կնկարի», այլ ինչ-որ կստանան դա էլ կարձանագրվի հետևանքի ողջ պատասխանատվությունը թողնելով Ժառանգության վրա: 
Եվ, եթե կան ուժեր, որոնք իրենց հույսը դրել են Ս.Սարգսյանից ստացած «դաբրոյի» վրա, ապա նրանց խորը հիասթափություն է սպասվում, քանի որ դաբրո, այս կամ այն կերպ, բոլորին է խոստացված, իսկ իրականում թվանկարչություն իշխանությունն անելու է միայն ՀՀԿ-ի օգտին: Դա նշանակում է, որ ԱԺ ընտակարգի փոփոխման առիթով ձևավորված «կոնսենսուս մինուս մեկ»՝ բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի, մոդելը մեծ հավականանությամբ կարող է կենսունակ լինել նաև հետընտրական զարգացումներում: Եվ այն, որ այսօր ընտրությունները վերահսկող միասնական շտաբ ստեղծելուն համաձայն էին ընտրապայքարին մասնակցող բոլոր հիմնական քաղաքական ուժերը, իսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչը ոչ միայն չստորագրեց, այլև վրդովված դուրս եկավ դահլիճից, ցույց է տալիս, որ բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի ձևաչափն ավելի խորը դրդապատճառներ ունի:
Իրավիճակի նման հպանցիկ վերլու-ությունն անգամ մեզ հուշում է, որ սպասվում են ոչ միայն լարված նախընտրական զարգացումներ, այլև՝ հետընտրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել