Tert.am-ը գրում է.

Իսպանացի միջազգային առևտրի մասնագետ, բլոգեր Գոնսալո Սուարեսի խոսքով՝  Կատալոնիայի հանրաքվեն անօրինական էր, որովհետև սահմանադրությամբ է ասված՝ Իսպանիան չի կարող մասերի բաժանվել: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ երբ Կատալոնիան որոշեց հանրաքվե անցկացնել, գիտեր, որ անօրինական քայլի է դիմում, և երկրի կենտրոնական իշխանությունները դրա դեմ ինչ-որ քայլեր կնախաձեռնեն:

«Այնուամենայնիվ, նրանք որոշեցին դա անել: Մադրիդի իշխանությունները փորձում էին օգտագործել Կատալոնիայի ոստիկանությանը, որպեսզի խուսափեն հանրաքվեի իրականացումից, բայց  Կատալոնիայի ոստիկանությունը դավաճանեց կառավարությանը՝ ոչինչ չանելով: Վաղ առավոտյան պարզվեց, որ կատալոնական ոստիկանությունը թույլ է տալիս մարդկանց՝ մտնել ընտրատարածքներ՝ քվեարկության համար: Այդ պատճառով էլ  իսպանական իշխանությունները կարիք զգացին Մադրիդի ոստիկանության միջամտությանը: Բայց մարդիկ արդեն ընտրատարածքներում էին, և նրանք դուրս պետք է բերվերին այդտեղից: Այլ տարբերակ չուներ Մադրիդի ոստիկանությունը, եթե թողնեին, որ քվեարկությունն ընթանար, պետք է ընդունեին քվեարկության արդյունքները: Ես կողմ եմ նրան, ինչ արեց Մադրիդի իշխանությունը»,- ասաց նա՝ նկատելով՝ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հաստատեցին օրենքի ուժը:

Իսպանացի փորձագետի խոսքով՝ Կատալոնիայի հանրաքվեի արդյունքում տեղի ունեցողի վերաբերյալ  միջազգային հանրությունը եզրահանգումների եկավ Կատալոնիայի ազգայնականների ներկայացրածի հիման վրա: «Նրանք փորձում են միջազգային հանրությունում Իսպանիային ներկայացնել որպես ագրեսորի: Նրանք այդպես են անում, որովհետև դա է միակ ճանապարհը անկախություն ստանալու համար»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ Կատալոնիան, առանց Իսպանիայի, չի էլ կարող ինքնուրույն գոյատևել, չունի այդ հնարավորությունները, Կատալոնիան կապված է Իսպանիայի հետ տնտեսական, քաղաքական կապերով, ամեն ինչով: «Նրանք կարիք ունեն միջազգային օգնության: Դրա համար վարվում են այնպես, ինչպես այլ երկրները, ինչպես օրինակ, Շոտլանդիան, որը լրիվ այլ խնդիր ուներ»,- ասաց նա:

Գոնսալո Սուարեսի խոսքով՝ Կատալոնիայի հանրաքվեն տարիներ առաջվա սկսած խնդիրների հետևանք է: Ամեն ինչ, ըստ նրա, սկսվել է դեռևս 50 տարի առաջ, երբ կատալոնացիներին թվաց՝ նրանք վատ վերաբերմունք են վայելում տնտեսական ոլորտում կենտրոնական իշխանությունների կողմից: «Նրանց թվում էր, թե Կատալոնիան շատ մեծ հարկեր է վճարում: Իրականում նրանք վճարում էին ավելի շատ գումար, քանի որ ավելի հարուստ էին: Իսկ նրանք ցանկանում էին վճարել այնքան գումար, որքան Իսպանիայի ավելի աղքատ մասերն էին վճարում»,- ասաց նա՝  համոզված պնդելով Կատալոնիայի խնդիրը քաղաքական չէ:

Նա նկատեց՝ կատալոնական հիմնախնդրում չկան ո՛չ ազգայնական, ո՛չ քաղաքական պատճառներ: «Չենք կարող ասել, որ այնտեղ կան ազգայնական շարժումներ: Կատալոնիան բազմամշակութային է, մարդիկ կան՝ Մարոկկոյի, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայի այլ հատվածներից և այլ երկրներից: Նրանք ապրում են Կատալոնիայում, չենք կարող ասել, որ այնտեղ ազգայնականություն կա, և  նրանք կառուցում են իրենց համայնքը: Այստեղ խնդիրը տնտեսական է»,- ասաց նա:

Իսպանացի փորձագետի համոզմամբ՝ ի վերջո Կատալոնիան կհարգի օրենքը, և այն չի ճանաչվի որպես անկախ պետություն: «Ես կարծում եմ, որ ի վերջո նրանք կբանակցեն Իսպանիայի  կենտրոնական իշխանությունների հետ և համաձայնության կգան»,- ասաց նա:

Գոնսալո Սուարեսը զարմանքով է նկատում, որ Հայաստանում և մի շարք այլ երկրներում Իսպանիան համեմատում են Խորհրդային միության հետ: «Իսպանիայում չկան ազգայնական տրամադրություններ, դա չենք կարող ասել նույնն է, ինչը որ Հայաստանն արեց՝ Խորհրդային միությունից դուրս գալով և անկախանալով: Կատալոնիայի դեպքում պատկերը լրիվ այլ է»,- ասաց նա: Նկատեց, որ շատ դեպքերում մարդիկ աջակցում են Կատալոնիային, քանի որ կարծում են, որ հանրաքվեն պայքար էր նրա՝ անցյալում ունեցածի համար: «Եվ հետո, եթե Հայաստանի պայքարում էր կոմունիզմի դեմ, ապա Կատալոնիան պայքարում է կոմունիզմի համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել