Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ՌԴ-ին վերագրվող գործողություններին, հենց ՌԴ լրատվամիջոցների կողմից մեջտեղ հանված «Լավրովի պլանին» և հարցին, թե այս փուլում դեմք փրկելու առումով ի՞նչ ունեն կողմերը՝ ներառյալ ՄԽ համանախագահությունը:

-Պարո՛ն Սաֆարյան, հայաստանյան քաղաքագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, թե ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումն է: Նախօրեին էլ ռուսական մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ այս հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանը», պետք է արձանագրվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Հիշենք, որ օրեր առաջ էլ «Ինտերֆաքսը» գրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում տարածքների հանձնման առումով: Անձամբ ի՞նչ սպասումներ ունեք այս առումով:

-Ռուսաստանը կարմիր գիծ է հատում՝ ճնշում բանեցնելու առումով, և այնքան էլ համակարծիք չեմ, որ չնայած այդ անանուն և անհասցե սպառնալիքներին, այնուամենայնիվ կգնան նման ճնշումների՝ «Լավրովի պլանի» հետ կապված, հատկապես, որ այն որևէ լուրջ առնչություն չունի Մինսկի խմբի հետ և այն չի բավարարում ՄԽ շրջանակներում առկա չգրված սկզբունքներին, այսինքն՝ հակամարտության համապարփակ, համալիր և ամբողջական լուծմանը: Եվ, թերևս, եթե չլինեին էլ Ձեր մատնանշած սպառնալիքներն ու շանտաժները, բավական է միայն այն, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին Էդվարդ Նալբանդյանը բոլորի համար շատ անակնկալ կերպով խոսեց տարածքների զիջման պատրաստակամության մասին՝ այն դեպքում, երբ մինչ այս խուսափում էր որևէ տեսակետ հայտնել կարգավորման առարկայի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ պաշտոնական Երևանը խնդիր էր դրել բանակցությունների համար անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումը, ցույց է տալիս, որ, համենայնդեպս, Սոչիում Հայաստանի նկատմամբ ճնշում իրոք եղել է, և սա է պատճառը, որ Երևանը սկսեց խոսել առարկայական բանակցությունների ինչ-որ մի էլեմենտից, որքան էլ դա հակասում էր Երևանի՝ նախկինում որդեգրած որոշումներին: Այս կտրվածքով, ես կարծում եմ, պաշտոնական Երևանը մի բանում պետք է վստահ լինի, որ արևմտյան համանախագահները երբեք չեն ողջունել «Լավրովի պլանը», և առավել ևս՝ այդ պլանի քննարկումները տեղի են ունեցել ստվերային դաշտում՝ Ռուսաստանի հովանու ներքո, կամ երկկողմ կամ եռակողմ հանդիպումների ձևաչափում: Հետևաբար, Մինսկի խումբը երբեք դա չի օրինականացնելու: Այնպես որ, սա Հայաստանի համար փակուղի չէ, և պատերազմի ռիսկի մասին նախազգուշացնելուց առաջ Ռուսաստանն ինքը պետք է հրաշալի հասկանա տարածաշրջանում այդ պատերազմի ռիսկերը թեկուզ իր համար, և, հետևաբար, ինքն ամեն ինչ պետք է անի դա թույլ չտալու համար: Այս կտրվածքով՝ չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է ահաբեկվի նման անանուն սպառնալիքներից:

- Հետևաբար, կարելի՞ է ենթադրել, որ նույն Մարկեդենովի հոդվածը, որը դիտարկվել էր որպես ճնշում Հայաստանի վրա, հենց այս համատեքստում եք դիտում: Նաև հաշվի առնենք, որ նա այնտեղ ասում է, որ միակ հարցը, որով Ռուսաստանն ու Արևմուտքը աշխարհաքաղաքական առճակատման չեն գնում, ղարաբաղյան հարցն է: Այսինքն, երբ ասում եք, որ Արևմուտքը խեթ է նայում «Լավրովի պլանին», այն դեպքը չէ:

-Չունենալ առճակատման ցանկություն՝ դեռևս չի նշանակում ունենալ ընդհանուր մոտեցում կարգավորման վերաբերյալ: Այո, ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիան ցանկություն չունեն ևս մեկ հարթակում ստեղծել Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն: Սա ակնհայտ է, և սա չի բխում որևէ մեկի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների կամ Եվրամիության: Բայց այն, որ կարգավորման հետ կապված, հենց նույն Լավրովի պլանին կա սկզբունքային և մեթոդաբանական առարկություն, նույնպես հստակ է: Հետևաբար այնպես չէ, որ ռուսաստանյան այդ «քարոզչայինների» ասածը, թե այդ հարթակում պետք է տեղի ունենա դիրքորոշումների համընկնում, թերևս չի կարող տեղի ունենալ, որովհետև Ռուսաստանի պատկերացրած լուծումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագայի որոշակիացումը ՌԴ նախագահին թողնելը, նաև ռուսական խաղաղապահների առկայությունը, հստակ չեն տեղավորվում արևմտյան մոտեցումներում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել