Yerkir.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ: Նրա խոսքով` բաժանումն իրականացվում է համակարգչի միջոցով:

«Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատը «Ինգո Արմենիա»-ին բաժին չի հասել»,- ասաց Ալթունյանը:

Նա նաև նշեց, որ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսն է միայն իրեն պատկանում, որն էլ հանձնել է հավատարմային կառավարման: Ալթունյանը նշեց, որ կառավարումը հանձնել է Արևշատ Մելիքսեթյանին, սակայն չասաց, թե ով է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր:

Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել