«Պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում էժան PR-ով»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե որ գործարարներն են առավել ստվերում գործում:

«Եթե ուզում եք որևէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ հիմա չեք լսելու: Մեր համակարգը, մենք մեր գործն ենք անում: Ամեն օր էլ պայքարում ենք դրա դեմ, և արդյունքներն ակնհայտ են»,- ասաց նա:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել է շուրջ 2000 միջոցառում և արձանագրվել 2,2 միլիարդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար: Հարցին, թե արդյոք այս արդյունքը գոհացնո՞ւմ է, թե՞ միգուցե ավելի լավ աշխատանքի դեպքում ավելիին հնարավոր կլիներ հասնել, Վարդան Հարությունյանը պատասխանեց.

«Նախևառաջ ասեմ, որ միայն 2.2 մլրդ դրամը չէ, որ դուրս է բերվել ստվերից: Դրանք այն օրինախախտումներն են, որոնք ի հայտ են եկել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելիս, բայց ոչ միայն դրա արդյունքում է ի հայտ գալիս ստվերը, այլև հարկային, մաքսային վարչարարության: Մենք ունենք ամսական 2.8 մլրդ ստվերի գնահատական, որ եթե նայեք նախորդ ասուլիսներում հնչեցված թվերին, դրանք անհամեմատ ավելի մեծ էին»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել