Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ելույթով ահնդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Քննարկվող հարցը բխում է մեր ազգային անվտանգության ռազմավարությունից ու ռազմական դոկտրինից»,-հայտարարեց նա: Շարմազանովի խոսքով` դա օրինաչափ է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, իսկ այս երկու երկրները գտնվում են անվտանգության նույն համակարգի ՀԱՊԿ-ի մեջ:

«Այս զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին նախագահն է անցյալ տարի հայտարարել, և սա որևէ գաղտնիք չէ, և պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների համար: Այո, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում, ու եթե մարդիկ գտնվում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, դա քաղաքական ճաշակի խնդիր է, և ես այդպես չեմ կարծում»,-ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ սա մեր ռազմավարական դոկտրինից է բխում, և քանի դեռ նոր դոկտրին չունենք, պետք է եղածն ամրագրենք: «Ադրբեջանի մասով խոսք գնաց, կարող է ստորագրել, թե ոչ: Ոչ, անհնար է, քանի որ նախ պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա: Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերի մեջ են»,-ընդգծեց նա: Ապա Շարմազանովը նկատեց, որ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը Պակիստանի հետ մեկտեղ խրախուսեց Ադրբեջանի ագրեսիան ապրիլյան պատերազմի ժամանակ: «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է ռազմական այս կամ այն բլոկի մեջ լինենք: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև նրան այլընտրանք չկա, ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել