«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցին, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար: Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի և այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին:
 
Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ, այսպես ասած, իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը:
 
Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում՝ անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն:
 
Ռուսաստանն այստեղ, այսպես ասած, կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ ևս մեկ, այսպես ասած, ապրիլյան ռազմական գործողություն և Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, և Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման և Սարգսյան-Ալիև բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու և հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարևոր է:
 
Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության և քաղաքական որոշումների ձևավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենևին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաև Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետև այն կարող է դառնալ Երևանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնահերթությունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել