«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մեզ հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:

ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել և վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևացել:

Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է և չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, և այն ընդունվել է վարույթ»,- ասաց նա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել