Tert.am-ը գրում է.

Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը և նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են և հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար:

Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են այն մասին, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի այդ, որոշ գաղտնի արխիվներ դեռ փակ են օտարների համար:

Անցյալ ամիս թրքուհի լրագրող Ուզայ Բուլութը PhilosProject.org կայքում մի բացահայտող հոդված տեղադրեց՝ «Թուրքիան առանց գրաքննության. գրաքննության և արգելքների պատմություն» վերնագրով՝ մի քանի հարյուրամյակների անցյալ ունեցող թուրքական արխիվների և փաստաթղթերի կարգավիճակի վերաբերյալ: Բուլութը ազատ է նման գաղտնիքներ բացահայտելու հարցում, քանի որ նա այլևս չի ապրում Թուրքիայում և այժմ հաստատվել է Վաշինգտոնում:

Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր և 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը:

Այսօրվա հազարավոր կայքերի արգելումը շարունակությունն է Օսմանյան սուլթան Բայազիդ II- ի 1485-ի հրամանագրի, որով մահապատժի էին դատապարտվում բոլոր նրանք, ովքեր գրքեր էին տպագրում թուրքերեն կամ արաբերեն լեզուներով: Այդ արգելքը մնաց ավելի քան երկու դար, հայտնում է Բուլութը: «Այդ արգելքը պատմաբանների կողմից լայնորեն վկայակոչվում է որպես իսլամի մտավոր և գիտական փլուզման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական հեղափոխության արշալույսին»:

Թուրքիայի Հանրապետությունը 1923-ից ի վեր, իր հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք, շարունակեց գրաքննության ավանդույթը՝ արգելելով «առնվազն 130 թերթ, ամսագիր և գիրք՝ ըստ Մուստաֆա Յիլմազի և Յասմին Դորենի «Գրաքննությունը հանրապետական ժամանակաշրջանում (1923-1973)» գրքի»: Բուլութի տեղեկացմամբ, Թուրքիայի երկրորդ վարչապետ Ադնան Մենդերեսը, 1950-60-ական թվականներին արգելեց 161 հրատարակություն:  

Վերադառնալով արխիվային գրաքննությանը, Բուլութը մեջբերել է թուրք հրեա պատմաբան Ռիֆաթ Բալիին, որը «բացատրում է մշակված կամ ոչնչացված պետական արխիվների պատմությունը իր 2014 թ. գրքում՝ «Թալանի ոչնչացման պատմությունը. տպագրված կամ գրված բառեր, մեռած տառեր, արխիվները դեն են նետել (կամ վաճառել) որպես թափոններ» ....Շատ կուսակցությունների, սենատի և մի քանի այլ կառավարական կամ ոչ կառավարական հաստատությունների արխիվներ կամ փակ են հանրային օգտագործման համար կամ այլևս գոյություն չունեն»: Ըստ Բալիի՝ «Թուրքիայում կուսակցությունների արխիվները փակվել են 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ և ուղարկվել SEKA (ցելյուլոզի և թղթի գործարաններ), որպես թղթի թափոն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել