Yerkir.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որի կարգավորման համար Ռուսաստանը և Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Դա համագործակցության բացառիկ փորձ է` խորացող հակասությունների ֆոնին: Այդ մասին ասվում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի` carnegie.ru կայքում հրապարակված հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ հակամարությունը և հարցի կարգավորման գործընթացը մեկ կարևոր հատկություն ունեն` ի տարբերություն մյուս հետխորհրդային հակամարտությունների, ղարաբաղյան կարգավորումը  ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից երբեք չի որակվել որպես աշխարհաքաղաքական առճակատման մաս:

Ըստ քաղաքագետի` ԱՄՆ-ը և ԵՄ-ն ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերում չեն տեսնում հետխորհրդային տարածքում սահմաններ փոխելու փորձ:

«Ի տարբերություն, օրինակ, Աբխազիայի հարցի,  Ղարաբաղում երկու հակամարտող կողմերը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասվում է հոդվածում:

Ըստ Մարկեդոնովի` Պուտինի, Ալիևի, Սարգսյանի միջև  անձնական վստահության մակարդակն անհամեմատելի է այլ պետությունների նախագահների հետ տվյալ նախագահների շփումների հետ: Նշվում է, որ ամերիկացի և եվրոպացի դիվանագետներն անգամ հրապարակայնորեն ընդունում են այդ ռեսուրսը:

«Այդ պատճառով զարմանալի չէ, որ ԼՂ հարցով բանակցությունների համար հիմք են հանդիսանում, այսպես կոչված, հիմնարար սկզբունքները: Ըստ էության` դա Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզիսներն են, որոնք իրենցից ներկայացնում են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև փոխզիջում»,- ասվում է հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ հակամարտության սրումը լի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար: «Դա նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը նրանց համար լուրջ խթան է ստեղծում համագործակցելու համար՝ չնայած առկա հակասություններին»,-ասվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել