Yerkir.am-ը գրում է.

Թուրքական Sozcu թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն «Պուտինն էլ խաբեց. Հայտարարությունը ճանապարհին է» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել՝ հիշեցնելով հյուսիսային Իրաքում անցկացրած հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը:

Հեղինակը նշել է, որ շուտով նմանատիպ հայտարարության ականատես կլինեն, երբ Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի «իր գործընկեր» Պուտինի վերաբերյալ:

«Խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիա այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ համակարծիք են: Պուտինը ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության՝ ավելի վաղ արած հայտարարությանը`«Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»:

Պուտինի խոսնակ Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով՝«Պուտինի ու Էրդողանի միջև լուրջ տարակարծություն չկա Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ »: Պեսկովը հայտարարել է, որ թեև ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջև անուամենայնիվ կան հակասություններ»,-գրել է թուրք սյունակագիրը՝ ուշադրության արժանացնելով նաև Սիրիայի հարցը:

«Իսկ Սիրիայի հարցը՞: Էրդողանն-Պուտին հանդիպման ժամանակ Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի մնացած Ասադի ռեժիմը ԻՊ-ին հաղթելուց հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության հետ, որին, ի դեպ, Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի կողմից Պուտինին հնչեցված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ այդ կուսացկության գրասենյակը: Ուրեմն, կարելի է ասել, որ Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի և Մոսկվայի լիակատար համաձայնության մասին:  Այս ամենն իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության՝ «Սխալվել եմ» կամ «խաբվեցինք»: Այդ  բովանդակությամբ հայտարարությունը, կարծես, արդեն ճանապարհին է…»,-եզրափակել է Գյուրջանլըն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել