Կա մի երևույթ, որի մասին չէի ուզենա խոսել, սակայն պարտավոր ենք, որովհետև այլ կերպ խնդրի լուծումը չեմ պատկերացնում։ Ուրեմն` այսպես․ նախօրեին պարբերականներից մեկում կարդում եմ, որ ԱԺ պատգամավորներից Վարդան Ղուկասյանը դիմում է գրել ԱԺ -ին իրեն վարձով բնակարան հատկացնելու համար, որովհետև, ինչպես գիտենք, մարզից եկած պատգամավորներին պետությունը 100 հազար դրամի սահմաններում ամսական վճարի տեսքով բնակարան է հատկացնում Երևան քաղաքում։ Վարդան Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետն է, ով իր կառավարման տարիներին, մեղմ ասած, ժուժկալությամբ ու համեստությամբ աչքի չի ընկել քաղաքում, փոխարենը կա՛մ նրա, կա՛մ որդու անունները համառորեն շրջանառվել են կրիմինալ պատմությունների մեջ։ Դժվար այդ ամբողջ կառավարման ընթացքում Վարդան Ղուկասյանը սոված մնացած լիներ, ու հիմա այս «մեծապատիվ մուրացկան» վիճակը շատ տրագիկոմեդիկ զգացողություն է առաջացնում։ Իհարկե, պետությունից օգնություն ստանալու հարցում պատգամավորը կարող է իր սահամանդրական իրավունքն օգտագործել, սակայն Վարդան Ղուկասյանը, հաստատ, այն մարդը չէ, որ այսօր չի կարողանում Երևանում բնակարան գնել կամ գոնե դրա վարձը տալ։ Սա շատ տգեղ է ու չտեսության յուրօրինակ դրսևորում։ Այսինքն՝ տեսեք, ինձ այն կարգի են թալանել, որ էսօր հացին կակա եմ ասում ու ի վիճակի չեմ բնակարանիս համար վճարել։ Կարծում ենք՝ խմբակցության ղեկավարը, ով, հաստատ, վերջին աղքատը չէ այս երկրում, պետք է այս հարցով խոսի Վարդան Ղուկասյանի հետ ու, առհասարակ, թույլ չտա այլևս նման երևույթներ՝ անկախ նրանից՝ Ղուկասյանն է դա, թե մեկ ուրիշը, որովհետև երկրի առաջին հարուստ մարդն ի վիճակի է գոնե յուր պատգամավորներին գոնե վարձով բնակարանով ապահովել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել