Երբ հետևում էի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, զարմացա, երբ քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության ցուցակում հայկական ազգանուն տեսա: Զարմանալի էր, որ ազգանունը վերջանում էր ՅԱՆ-ով, ոչ թե օղլի-ով: Դե, սովորության համաձայն, Թուրքիայում ապրող հայերը յան-ը հանում են: Այդ ժամանակից սկսած՝ սկսեցի ուսումնասիրել Գարո Փայլան անձի գործունեությունն ու քայլերը: Նա խորհրդարանում աչքի էր ընկնում սուր ելույթներով, բայց միայն խորհրդարանում, նա գրեթե ելույթ չէր ունեցել նախընտրական ոչ մի հավաքի ժամանակ, իսկ եթե մեկ-երկու ելույթ եղել է, ապա զուտ ճանաչողական ելույթ: Իսկ խորհրդարանում, ամբիոնից նրա ելույթները կարելի է համարել սենսացիա թուրքական խորհրդարանի համար: Հատկանշական է, որ այս ելույթների համար նա ոչ մի նկատողություն, պատասխանատվություն չի ստացել՝ բացառությամբ մեկ անգամ խորհրդարանում ծեծկռտուքի: Իսկ իր կուսակից ընկերները նմանատիպ ելույթների համար զրկվեցին անձեռնմխելիությունից, անգամ որոշները ձերբակալվեցին, իսկ գրեթե իր բոլոր կուսակից պատգամավոր ընկերներին արգելվեց երկրից դուրս գալ: 
Գարո Փայլանի խորհրդարանում հանրահայտ ելույթից հետո, երբ խոսեց Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանը ընդունեց որոշում, որ խորհրդարանում այլևս չեն խոսի Հայոց ցեղասպանության մասին: Մեկ այլ ելույթից հետո, երբ խոսեց մեծ Քրդստանի մասին, խորհրդարանը կրկին ընդունեց որոշում, որով արգելվում է խորհրդարանում խոսել Քրդստանից ու հնչեցնել այդ բառը... Սա ի՞նչ էր, նպաստել գլխացավանք հարցերի թեմայի փակմա՞նը...
Գարո Փայլանին բազմաթիվ անգամներ հարց են հղել Հայոց ցեղասպանության մասին, նրա պատասխանը հետևյալն է. «Թուրքիան երբ դառնա ժողովրդավար պետություն, այն ժամանակ կարելի է խոսել դրա մասին»: Այսինքն՝ նա իրեն ապահովագրեց նաև այս հարցում, այսինքն՝ նա Թուրքիան տեսնում է ոչ թե կործանված, այլ՝ զարգացած: Բազմաթիվ հարցազրույցներում ասում է. «Այստեղ ապրել են թուրքեր, քրդեր, հայեր, ասորիներ, նրանք ապրել են իրար կողքի, եղբայրաբար, սակայն Օսմանյան կայսրությունը խախտեց այդ եղբայրությունը...»։
Այստեղ ևս նա անուղղակիորեն փաստում է, որ այն տարածքը, որը մենք համարում ենք Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն է եղել, որի իրավահաջորդ են համարում Թուրքիային: 
Իսկ եթե ավելի խորանանք հայազգի պատգամավորի հարցազրույցների ու ելույթների մեջ, ապա դուք, բացի Հայոց ցեղասպանություն բառից, ոչինչ չեք տեսնի ու լսի, ասել է, թե՝ ոչ մի խոսք հողերի պատկանելիության մասին, հայկական տարածքների մասին...
Եվ վերջում ավելացնեմ, որ թուրքերը շատ լավ գիտեն, որ մենք հակակրանք ունենք այն հայերի նկատմամբ, որոնց ազգանունը օղլու-ով է վերջանում, դրանց շատ դժվար կամ ընդհանրապես չենք ընդունում, իսկ պատահականությո՞ւն էր արդյոք յան-ով վերջացող ազգանունով հայի հայտնվելը խորհրդարանում, այն էլ՝ մեր գոնե որոշ չափով աջակցություն վայելող քրդամետ կուսակցության ցուցակով:
Մի քիչ շատ չե՞նք հերոսացնում մարդկանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել