ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 30-ին, արձագանքելով նույն օրը մամուլում հրապարակված «Մասիսի գարշահոտությունը Նաիրիտի հրդեհի հետևանք» վերտառությամբ նյութում տեղ գտած ահազանգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մասնագետներից կազմված օպերատիվ խումբը Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների հետ իրականացվել են ուսումնասիրություններ:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի և Մասիս քաղաքի հարակից տարածքների կոյուղաջրերի հեռացման համակարգերը:

Տեղի բնակիչների խոսքերով՝ վերջին երկու օրվա ընթացքում հոտը նվազել է:

Նախորդ օրերի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։

Փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:

Մասիս քաղաքում առաջացած խնդրի վերացման աշխատանքները համակարգում է ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի անդամներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշատակիցները։ Աշխատանքային խումբ գլխավորում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել