Մի քանի օր առաջ Իրան էր այցելել Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Օսման ալ-Ղանմին և հանդիպել իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հանդիպումը, ինչպես և ենթադրվում էր, նվիրված է եղել Իրաքի Քրդստանի հանրաքվեին և դրանից բխող հետագա զարգացումներին, սակայն մանրամասներ այդ հանդիպումից չէին հրապարակվել։

Եվ ահա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԻԻՀ ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել իրան-իրաքյան սահմանի երկայնքով։

Գեներալ Մ․ Ջազայերին նշել է, որ զորավարժությունները անցկացվելու են մոտակա օրերի ընթացքում Կասր-է Շիրին-Փարվիզ Խան և Բաշմակ-Թամարչին ուղղություններով։

Նշված ուղղությունները գրեթե ամբողջությամբ համընկնում են Իրաքի Քրդստանի սահմանների հետ և հանդիսանում են կարևոր կետեր։ Ավելին՝ Թամարչինը համարվում է Իրանի ամենագործուն անցակետերից մեկը, որը կապում է Արևմտյան Ատրպատական նահանգը Իրաքին (Իրաքի Քրդստանին), և այդ անցակետին է բաժին հասնում Իրան-Իրաք (Իրաքի Քրդստան) առևտրի առյուժի բաժինը։ Որպեսզի ավելի պարզ լինի Թամարչինի կարևորությունն Իրաքի Քրդստանի համար, պարզապես բերեմ մի օրինակ․ անցած ամսիների ընթացքում այս անցակետով Իրանից Իրաքի Քրդստան է արտահանվել 110 մլն լիտրից ավելի նավթագազային ապրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել